Ամերիկաբնակ հայ նկարիչը պատկերներ ստեղծում է փայտն այրելով (լուսանկարներ)

17:31 • 17.08.12

Բրիտանական Oddity Central կայքը ներկայացրել մեր հայրենակից, ինքնուս նկարիչ Դինո (Դմիտրի) Մուրադյանի զարմանալի աշխատանքները, որոնք կտավի փոխարեն ստեղծվում են փայտի և կաշվի վրա, իսկ վրձնին փոխարինում է գերտաքացած մետաղյա գործիքը:

 

60-ամյա Մուրադյանը ծնվել է Ռումինիայում, սակայն ավելի ուշ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ բացահայտվել է նրա տաղանդը պիրոգրաֆիայի ոլորտում (կաշվի կամ փայտի վրա գերտաքացած գործիքով նկարելու արվեստ):

 

Նա հսկայական ժամանակ է ծախսել նոր գործիքների ստեղծման վրա, որոնք հնարավորություն են տալիս նկարչին իր ցանկացած էֆեկտներն ու ստվերի խաղերն ապահովել պատկերում: Երկար տարիների աշխատանքից հետո նա մշակել է մի նոր մեթոդ, որը շատ բարձր ջերմաստիճանով այրում է փայտը` ապահովելով ստվերի էֆեկտը:

 

Թեև ստեղծագործելու ընթացքում «կտավները» շփվում են բավական բարձր ջերմաստիճանի հետ, այնուամենայնիվ դրանց մակերևույթը մնում է բացարձակ հարթ:

 

1990-ականներին Դինոն փորձել է իր աշխատանքները վաճառել պատկերասրահներին, սակայն լուրջ խոչընդոտների է հանդիպել: Քանի որ պիրոգրաֆիան արվեստի այդքան էլ տարածված տեսակ չի եղել այդ ժամանակ ԱՄՆ-ում: Այժմ Մուրադյանը վաճառում է իր աշխատանքները աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մասնավոր կոլեկցիոներներին: