«Դորիանսը» համերգ կտա հայտնի ռոք երաժիշտ Դերեք Շերինյանի հետ
«Դորիանս» ռոք խումբը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 10-ին համատեղ համերգով հանդես կգա հայտնի ռոք երաժիշտ, ստեղնահար Դերեք Շերինյանի հետ, ով հայտնի է Dream Theatre, Planet-X խմբերից. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Դորիանս» խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը:
Ըստ նրա, բացի այդ, համերգի հատուկ հյուրը կլինի Գլեն Հյուզը Deep Purple-ից, ում հետ խումբը մի քանի դուետով հանդես կգա:
Խմբի պրոդյուսերը հավատացրեց, որ այս համերգով «Դորիանսն» իր հերթական համաշխարհային ճանաչման քայլն է անում:
«Հենց սկզբից մեր բոլոր աշխատանքները եղել են միջազգային ճանաչում ձեռք բերելու ուղղությամբ և այս համերգն ամենախոշոր քայլերից մեկն է, որն աչքի է ընկնում այդ ճանապարհին, ինչը կշարունակվի նաև հետագայում արտասահմանում»,- ասաց նա։
Վահագն Գևորգյանը նաև նշեց, որ այս համերգն իր տեսակով առաջինն է, ոչ միայն տարածքի մասշտաբով և ունկնդիրների քանակով։
«Համերգի կարևորությունն ավելի շատ կայանում է նրանում, որ ինքն իր մեջ ներգրավել է աշխարհահռչակ մարդկանց: Դա, իհարկե, «Դորիանսի» համար մեծ նվաճում է, կարողանալ համերգին ներգրավել այդ մեծության երգիչների, ինչը բավականին բարդ է, դրա համար շատ աշխատանք է պետք, իսկ առաջինը քո երաժշտությունն է և որակը»,-ասաց նա:
Վահագն Գևորգյանը նշեց, որ տոմսերի բավական մատչելի են և երեք գին են դրանց համար սահմանել՝ 5.000, 7.000, 10.000 դրամ:
«Վաճառքը բավական ակտիվ է: Ի զարմանս մեզ, 10.000 դրամանոց տոմսերն արդեն սպառվել են: Տոմսերի արժեքը նվազագույնը դնելով՝ մեր նպատակն է դահլիճը լեփ-լեցուն լինի»,- ասաց նա:
Խոսելով հետագա պլանների մասին՝ Վահագն Գևորգյանը նշեց, որ հունվարին իրենք նպատակ ունեն ձայնագրել խմբի երկրորդ ձայնասկավառակը, որի ձայնագրությունը, ըստ նրա, կարվի Միացյալ Նահանգներում:
«Ձայնասկավառակի կարևորությունը կայանում է նրանում, որ արտադրման փուլում կմասնակցեն ևս աշխարհում ճանաչված պրոդյուսերներ, որոնք աշխատել և աշխատում են մեծագույն աստղերի հետ»,– ասաց նա:
«Այսինքն, սա կլինի ավելի պրոֆեսիոնալ աշխատանք, բացի նրանից, որ երաժշտությունը և կատարումը պրոֆեսիոնալ է, արտադրման փուլն այս անգամ կտարբերվի, և եթե մենք ուղղակի գրում ենք, ձայնագրում ենք, տպում, այնտեղ շատ-շատ մարդիկ են աշխատում դրա վրա»,- ընդգծեց նա:
Հարցին, թե արդյո՞ք համերգին նոր ձայնասկավառակից երգեր կհնչեն, խմբի պրոդյուսերը պատասխանեց. «Համերգին կլինեն նոր երգեր, բայց քանի որ երկրորդ ձայնասկավառակի երգերը դեռևս ընտրված չեն, դրա համար չեմ կարող ասել, դրանք երկրոդ սկավառակից են, թե ոչ, հնարավոր է լինեն, հնարավոր է՝ ոչ»:
Վերջում նա ավելացրեց, որ համերգի շեշտը դրված է երաժշտության վրա. «Ցանկացած ռոք համերգի շոուն դա երաժշտությունն է, մեր դեպքում էլ միանշանակ շեշտը դրված է երաժշտության վրա»:










