Լատվիան վռնդում է «Նոր ալիք» երգի մրցույթը

22:31 • 22.08.12

Լատվիայի իշխանություններն ազգայնական կողմնորոշում ունեցող կուսակցությունների աջակցությամբ պատրաստվում են «վռնդել» ամեն տարի Յուրմալա քաղաքում անցկացվող հանրահայտ «Նոր ալիք» երգի մրցույթը, հայտնում է Euromag–ը:


Նրանց կարծիքով մրցույթը չի համապատասխանում Լատվիայի մշակույթի նախարարության ճաշակին: Այս լուրը լուրջ քննադատությունների է ենթարկվել Յուրմալայում. տեղի ռեստորանների և հյուրանոցների տնօրենների խոսքերով` իրենք ամբողջ տարվա ապրուստ են ստեղծում միմիայն «Նոր ալիք»-ի շնորհիվ ստացված եկամտով:


Ինչպես նշում է լատվիական Neatkariga պարբերականը` Յուրմալայում մրցույթի անցկացումն արգելելու վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել երկրի խորհրդարանում, որին ներկա է եղել նաև Լատվիայի մշակույթի նախարար Ժանետ Յաունզեմե Գրենդեն: Վերջինիս կարծիքով մրցութային օրերից գոնե մեկը անխտիր պետք է նվիրված լինի լատվիացի արվեսագետներին:


«Նոր ալիք»-ը վռնդելու հստակ մշակված ծրագիր դեռևս չկա,սակայն իշխանությունները նպատակ ունեն քաղաքից հանել ոչ միայն մրցույթը,այլև այն այցելող հարուստ ռուսներին:

 

Սակայն սա առաջին սկանդալը չէ «Նոր ալիք»-ի հետ կապված: Ավելի վաղ մամուլում մի շարք տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ մրցույթը կարող է մեկ այլ քաղաքում անցկացվել, քանի որ դրա տնօրեն Իգոր Կրուտոյը չի կարողանում համաձայնության գալ Յուրմալայի իշխանությունների հետ: Այս առիթով երաժիշտ-երգահանը հայտարարելէ, որ չի բացառվում, որ «Նոր ալիք»-ն անցկացվի իտալական Սան Ռեմոյում կամ Մոնտե Կառլոյում: