Մինչև չլինեն չափորոշիչներ, հեռուստաեթերը չի մաքրվի. Գագիկ Գինոսյան
Մինչև չլինեն հստակ չափորոշիչներ, հեռուստաեթերի որակը բարձրացնել հնարավոր չի լինի, մաքուր հեռուստաեթերի թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսօր նման կարծիք հայտնեց «Կարին» երգի-պարի ավանդական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Ըստ նրա, մասնավոր հեռուստաընկերությունների պատճառաբանությունը, թե եթերը բիզնես է և իրենք են որոշում ինչ ճանապարհ ընտրել՝ սխալ է։
«Ասում են սա բիզնես է, և իրավունք ունենք մեր բիզնեսը զարգացնելու: Այո՛, բիզնես է, որը հոգևոր թմրանյութ է դառնում ազգի համար, ովքեր դրա ազդեցության տակ հետագայում գալու են երկրի ապագան կերտեն»,- զգուշացրեց նա:
Գագիկ Գինոսյանը զարմանում է, թե ինչո՞ւ նույն հեռուստաընկերություններին կարող են արգելել՝ օրինակ, ծխածոտի, ոգելից խմիչքների գովազդ անել, երկրի հիմնը հնչեցնելու ժամ պարտադրել, բայց չեն կարող թույլ տալ, որ ազգային ուղղվածության հաղորդումներ լինեն և 24 ժամ եթերում 4 անգամ չկրկնվի նույն սերիալը, որը նրա պնդմամբ՝ խեղաթյուրում է հայ մարդու հոգեբանությունը:
«Փնովելու խնդիրը չկա, ուղղակի հարց է ծագում, ինչի՞ պետք է սերիալներ ցուցադրվեն, իսկ դրա փոխարեն մենք քանի՞ անգամ ենք տեսնում Կոմիտասի կամ Նժդեհի մասին հաղորդումներ»,-հարց ուղղեց Գագիկ Գինոսյանը:
Բանախոսը հարցի լուծում է համարում միայն պետական մոտեցումը. «Պետությունը պետք է ստանձնի հավաքող ոսպնյակի դերը և բոլոր ոլորտներն ազգային գաղափարով ծառայեցնի ՀՀ քաղաքացու դաստիարակությանը»:
Ապա ավելացրեց, որ ո՛չ մշակույթը, ո՛չ էլ հեռուստատեսությունը չի կարող ժամանցային լինել. նրանք անպայման պետք է պարունակեն դաստիարակչական տարրեր:










