Հեռացի՛ր Արշո. կամ տարօրինակ դիպված Վերնիսաժում
Այսօր՝ վաղ առավոտից, «Վերնիսաժ» տոնավաճառում իրարանցում էր, ուր մշտապես իր նկարների վաճառքն իրականացնող գեղանկարիչ Արշոյի՝ Նկարիչների միության անդամ Արշավիր Կիրակոսյանի նկարների դիմաց` հատակին, հայտնվել է կարմիր տառերով գրություն՝ «Հեռացի՛ր Արշո»:
Այս մասին Tert.am-ն այսօր առավոտյան տեղեկացավ էլեկտրոնային փոստով ստացված հաղորդագրությունից:
«Վերնիսաժ» այցելած մեր թղթակիցը տեղում ճշտեց լուրի հավաստիությունը, սակայն և՛ Արշոն, և՛ նրա հարևանությամբ կանգնած նկարիչները գաղափար չունեին, թե ի՞նչ նպատակով էր նման գրություն թողնվել հատակին:
«Ես այսօր առավոտյան եմ նկատել, չեմ կարող ասել՝ ինչի՞ համար է այդ գրությունը, ոչ մի կոնֆլիկտ չի եղել»,- ասաց Արշավիր Կիրակոսյանը, ում այդ գրության մասին հայտնել էր նկարիչների համար սուրճ պատրաստող տիկին Օֆելյան: «Առավոտյան ես նկատեցի, իրան կանչեցի, ասեցի՝ արի, տես՝ էս ի՞նչ են գրել»,- ասաց տիկին Օֆելյան:
Ինչ վերաբերվում է «Վերնիսաժ»-ում իրենց նկարները վաճառող նկարիչներին, ապա նրանք գրությանը լուրջ չեն վերաբերվում և կարծում են, որ այն հիմար կատակ է:
«Արշոն հո քաղաքական գործիչ չէ, որ գրեն հեռացի՛ր, մեկը հաստատ անհաջող կատակ է արել»,- ասաց Աշոտը՝ հավելելով, որ նկարիչները սիրում են իրար հետ կատակներ անել:
Այսուհանդերձ, Tert.am-ին Արշոյի մասին թողած «գրության» մասին հայտնած անձն իր տեղեկատվության մեջ նշել էր, որ յոթանասունն անց նկարիչն առաջին անգամ չէ, որ նման վերաբերմունքի է արժանանում:
Այս կապակցությամբ «Վերնիսաժ» այցելած մեր թղթակցի հետ զրույցում տոնավաճառի հսկիչը հաստատել է, որ «Վերնիսաժ»-ում տեղի խնդիր կա և ամեն ցանկացող այսօր չի կարող գալ ու նկար վաճառել: Միաժամանակ հավելել է, որ Արշոն «ամենահին վաճառողներից է», ու ոչ ոք չի կարող նրա տեղի վրա աչք ունենալ:










