Հանրապետության հրապարակում կամարաձև կառույցի առաջարկն ուղարկվել է ՀՀ նախագահին (լուսանկարներ)
Նկարիչ- դիզայներ Էդուարդ Վանեսկեխյանը Երևանի Հանրապետության հրապարակում եռակամար շինություն կառուցելու նպատակով նամակ-առաջարկ է ուղղարկվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։
Tert.am-ի հետ զրույցում շինության գաղափարի հեղինակն ասաց, որ այս կառույցի մասին ինքը մտածել է դեռ 2001թ., և մինչ այս պահն աշխատել է գաղափարի զարգացման վրա:
«Ես մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ եմ, սովորել եմ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև, Կանադայի Մոնրեալ քաղաքում: Դեռ Կանադայում ուսանելու ժամանակ եմ մտածել այս կառույցի մասին, քանի որ տարբեր բաներ էին տեղադրվում Հանրապետության հրապարակում և հանվում»,- ասաց Էդուարդ Վանեսկեխյանը:
Հարցին, թե ի՞նչ խորհուրդ ունի եռակամար շինությունը, հեղինակն ասաց, որ կամարներից մեկը կխորհրդանշի Հայաստանը, մյուս երկուսը՝ Արցախն ու Սփյուռքը:
«Կամարի կենտրոնում կլինի աշխարհի ամենամեծ գերբը, որը հնարավոր է մտնի Գինեսի Ռեկորդների գրքում: Կամարի ամենավերևում էլ լինելու է ՀՀ եռագույն դրոշը»,- նշեց նա։
Էդուարդ Վանեսկեխյանը նաև ասաց, որ կամարի տակ լինելու է նաև երկհարկանի կառույց որտեղ էլ էլ գործելու են համակարգիչ–սերվերներ, որով հայերը կարողանալու են գտնել իրենց արմատների մասին տեղեկություններ:
Կառույցը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է 13-14 միլիոն դոլար:










