Լուսանկարների մրցույթ՝ «Երեխայի առողջությունն առաջնային է» խորագրով

19:07 • 29.08.12

«Վորլդ Վիժն Հայաստան»-ը (World Vision Armenia) հայտարարում է լուսանկարների մրցույթ, որը կանցկացվի «Երեխայի առողջությունն առաջնային է» հնգամյա Համաշխարհային առողջապահական քարոզարշավի շրջանակներում։


Քարոզարշավը մեկնարկել է մի շարք զարգացող երկրներում, այդ թվում նաև Հայաստանում 2009թ-ից և նպատակ ունի տեղեկատվության տարածմամբ նպաստել մինչև հինգ տարեկան երեխաների վտանգավոր հիվանդությունների կանխարգելմանը՝ նվազեցնելով մանկական մահացության ցուցիչը, բարելավելով մոր և մանկան առողջությունը:

Ֆոտոմրցույթը կամփոփվի նոյեմբերին՝ Համաշխարհային առողջապահության օրը:

«Վորլդ Վիժն Հայաստան»-ն իր պաշտոնական կայքում տեղեկացնում է, որ մրցույթի կազմակերպման նպատակն է միավորել աշխարհի մարդկանց անկախ տարիքից, սեռից, ռասայից, ազգությունից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկայից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից`պայքարելու հանուն երեխաների առողջության:


Ներկայացնելով պահանջները նշվում է, որ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ են լուսանկարներ, որտեղ մարդիկ պարզել են իրենց ձեռքը՝ ցույց տալով հինգ թիվը, ինչը խորհրդանշում է մինչև հինգ տարեկան երեխաների տարիքը` որպես ամենախոցելի տարիք հիվանդությունների իմաստով:


Ըստ հայտարարագրի՝ լուսանկարները պետք է ուղարկել chn_armenia@wvi.org հասցեով` սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 16-ը:


Լուսանկարների ընտրությունը կկատարի մասնագիտական ժյուրին: Հաղթողներին սպասվում են մրցանակներ. 1-ին տեղ՝ ֆոտոխցիկ, 2-րդ տեղ՝ ֆոտոխցիկ, 3-րդ տեղ` բջջային հեռախոս:

Նախատեսվում են նաև նվերներ` հաջորդ երեք տեղը զբաղեցնող մասնակիցների համար:

Լուսանկարներն ուղարկելիս նամակում պարտադիր պետք է նշել՝ հեղինակի անունը և ազգանունը, հեղինակի տարիքը:
Կազմակերպությունից նշում են, որ պետք է նկատի ունենալ, որ ուղարկելով նկարը կամ նկարները, դրանով իսկ դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ Ձեր ներկայացրած աշխատանքը կարող են օգտագործվել «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի ընթացքում: