Ավստրալացի նկարչուհին անտեսանելի է դարձնում մարդկանց վրձնի ու ներկերի միջոցով (լուսանկարներ, տեսանյութ)

12:36 • 30.08.12

Ավստրալական Ադելաիդա քաղաքի 39-ամյա բնակչուհի Էմմա Հեքն արվեստի անհավատալի գործեր է ստեղծում ` մոդելներին վրձնի ու ներկերի օգնությամբ այնպես քողարկելով, որ դրանք ամբողջովին միաձուլվում են ետին ֆոնին, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:

 

Յուրաքանչյուր աշխատանք ստեղծելու համար նկարչուհուց պահանջվում է 8-15 ժամ` կախված նկարի բարդությունից: Թեև Հեքը որպես «քողարկման վարպետ» ստեղծագործում է արդեն 22 տարի, սակայն, իր իսկ խոսքով, իրեն միայն հիմա են սկսել գնահատել որպես լուրջ արվեստագետի:

 

Կինն իր կարիերան սկսել է որպես սովորական դիմահարդար, սակայն ոգևորվելով անցյալ դարի 60-70-ական թվականների հայտնի մոդել Վերուշկայի կերպարով, ով հաճախ էր ներկայանում «բոդի արտի» տարբեր դրսևորումներով, սկսել է խորությամբ ուսումնասիրել «քողարկման» արվեստը:

 

Անհրաժեշտ փորձառություն ձեռք բերելուց հետո, Հեքի աշխատանքներն այնքան կատարյալ են դարձել, որ շատ դեպքերում գրեթե անհնար է նշմարել, թե նկարի որ մասում է մոդելը «թաքնված»: