Հայաստանից դուրս հայկական հուշարձանների վիճակը մռայլից էլ անդին է. Սամվել Կարապետյան

14:49 • 30.08.12

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց 2012թ-ի ընթացքում հիմնադրամի կատարած աշխատանքները՝ նշելով, որ Հայաստանի դուրս հայկական հուշարձանների վիճակն անմխիթար է:


«Հայաստանից այն կողմ հայկական հուշարձանների վիճակը մռայլից էլ անդին է»,– ասաց նա՝ ավելացնելով, որ օրինակ՝ Ադրբեջանի տարածքում գտնվող Նախիջևանի Ագուլիսի բոլոր եկեղեցիները տիեզերքից նկարել են, ապա այն համադրել Ադրբեջանի քարտեզի հետ, արդյունքում պարզվել է, որ տարածքի խորքերում գտնվող հայկական հուշարձանների վիճակը նույն ճակատագրին են արժանացել, ինչին արժանացան Ջուղայի խաչքարերը:


Ըստ նրա, հայկական հուշարձանները վտանգված են նաև Թուրքիայում և այժմ Վանի Աղթամար եկեղեցու նման ցուցադրական վերականգնմանը զուգահեռ ոչնչացվել է 7-րդ դարի հայկական Մրենի տաճարը:


Վրաստանում ևս, ըստ նրա, շատ բան ոչնչացվել է, իսկ Նշան եկեղեցու հարցում նա վստահեցրեց, որ Վրաստանի իշխանություններն, իրոք, իրենց խոստումը կատարում են՝ ըստ պատշաճի իրականացնելով վերականգնման աշխատանքները:


Անդրադառնալով ապագա ծրագրերին, Սամվել Կարապետյանը նշեց, որ շարունակական կլինի հանդեսի հրատարակությունը, կշարունակեն հրատարակել նաև գիտական ուսումնասիրությունների գրքաշարը, կհրապարակվի նաև Արևմտյան Հայաստանի բոլոր գավառները ներկայացնել մատենաշար, որի հրատարակումը նախատեսված է 2015-ին:


«Վերջին երեք տարիներին մեր գործունեությունը մեծ ծավալներ է ստացել, շնորհիվ Մշակույթի նախարարության հետ կնքված պայմանագրի, ինչը վերաբերում է ՀՀ տարածքից դուրս գտնվող հուշարձանների վավերագրմանը»,- ասաց Սամվել Կարապետյանը և տեղեկացրեց, որ հիմնադրամը մշտապես ցանկացել է ունենալ գիտական հանդես, որն այս տարի արդեն, ի վերջո, սկսել է հրատարակվել:


«Հանդեսն անհրաժեշտ էր, քանի որ ուսումնասիրություններ կան, որոնք գիրք չեն դառնա, դրանք փոքր են, իսկ մեր նյութերը տարբեր հանդեսներում ցրել չէինք ցանկանում»,– ընդգծեց նա:


«Ի վերջո, այս տարվանից արդեն սկսեցինք լույս ընծայել հանդեսը, որոնք արդեն թվով երեքն են և նաև մեկն էլ կհրատարակվի տարեվերջին: Հանդեսի անունը «Վարձք» է, որն արևմտահայ իրականության մեջ հասկացվում է «վարձքդ ի կատար», նշանակում է նպատակիդ հասնես: Ես այլ իմաստ եմ տվել, դա նախնիների հիշատակի առաջ ունեցած մեր պարտքն է, որը մենք պետք է մատուցենք և մարենք մեր կյանքի ընթացքում»,- ասաց Սամվել Կարապետյանը:


Հուշարձանագետը նշեց, որ հիմնադրամն այս տարի հրատարակել է ուսումնասիրված հուշարձանների մասին գիտական աշխատությունների արդեն թվով 15-րդ հատորը: Լույս է տեսել նաև Արտազի երեք վանքերի մասին աշխատությունը, Անի քաղաքի հուշարձանների մասին եռալեզու գիրքը: