Հայ մասնագետները կփորձեն մասնակցել Թուրքիայում հայկական հուշարձանների վերականգնմանը
Թուրքիայում հայկական հուշարձանների վիճակը ներկայացնելով ոչնչի չենք հասնի, պետք է առավել ռեալ քայլեր ձեռնարկել. այս համոզմանն է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստան կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը:
«Պետք է ռեալ քայլեր անել, օգտագործելով միջազգային լծակները, որովհետև ուղիղ կապը Թուրքիայի հետ բացառված է և այս համատեքստում՝ Թուրքիայի պարտավորությունների շրջանակներում, մենք հավաստիանում ենք, որ ամեն ինչ արվում է միջազգային նորմերի շրջանակներում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Գագիկ Գյուրջյանը ներկայացրեց ԻԿՕՄՕՍ-ի շրջանակներում հայկական կողմի ձեռք բերած՝ իր խոսքով փոքր հաջողությունները և անդրադարձավ Աղթամարի վերականգնման աշխատանքներին։
«Պետության սահմանները հաճախ չեն համապատասխանում մշակութային ժառանգության սահմանների հետ և անհրաժեշտություն կա, որ այդ երկիրը մասնակցի իր ժառանգության վերականգնման աշխատանքներին»,– ասաց նա:
«Աղթամարի վերականգնման ժամանակ մտավախություն ունեինք, հետևաբար կարևորելով հայկական կողմի մասնակցությունը մեր հուշարձանների վերականգնման աշխատանքներին, դիմեցինք ԻԿՕՄՕՍ-ին, որն էլ ընդունեց բանաձև և միջազգայնորեն թույլատրվեց մեր մասնակցությունը»,– ավելացրեց Գագիկ Գյուրջյանը:
Հաջորդ ներկայացված բանաձևը վերաբերել է Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը: Ըստ նրա, հարցը ԻԿՕՄՕՍ-ին ներկայացնելուց հետո միայն միջազգային այդ կառույցը դատապարտեց կատարվածը:
Գագիկ Գյուրջյանն անդրադարձավ նաև վերջին բանաձևին, որը նրա խոսքով, ընդունվել է 2011թ. նոյեմբերին և վերաբերում է Անիի մայր տաճարի և Ամենափրկիչ եկեղեցու վերականգնմանը:
«Այդ ժամանակ ԻԿՕՄՕՍ-Հայաստանը ներկայացրեց մի բանաձև, որը վերաբերում էր այդ հուշարձանների վերականգնմանը՝ միջազգային մասնագետների խմբի պատրաստմանն ու մասնակցությանն այդ աշխատանքներին:
Միջազգային ԻԿՕՄՕՍ-ը որոշեց, որ պետք է կազմվի փորձագետների խումբ, որին կարող են մասնակցել նաև հայ մասնագետները»,– նշեց նա:
Գագիկ Գյուրջյանը միաժամանակ ավելացրեց, որ միջազգային փորձագետների խմբի ստեղծումն ունի իր դժվարությունը՝ կախված ֆինանսների հետ. «Սովորաբար մինչև որոշումները հասնում են հասցեատերերին, բավական ժամանակ է անցնում»:
ԻԿՕՄՕՍ-Հայաստան կազմակերպության նախագահ հիշեցրեց, որ ըստ նախնական ցանկի, Թուրքիան պարտավորվել է 35 եկեղեցի վերականգնել, որոնցից 4-ը հայկական են և գտնվում են Անի քաղաքում:
Ըստ նրա, Անիի մայր տաճարն ու Ամենափրկիչ եկեղեցին, հավանաբար, կընդգրկվեն վերջնական ցանկում, քանի որ դրանք հաստատվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և կիրականացվեն համաշխարհային հիմնադրամի, Թուրքիայի մշակույթի նախարարության, ԱՄՆ դեսպանների ֆոնդի միջոցով:
Ցանկում ընդգրկվող մյուս երկու եկեղեցիներն են՝ Աբուղամրենց Սուրբ Գրիգոր և Տիգրան Հոնենցի եկեղեցիները:
Ի դեպ, Գագիկ Գյուրջյանի կարծիքով, հայկական եկեղեցիների վերականգնման ծրագիրը Թուրքիայի կողմից առաջին հերթին քաղաքական նպատակներ է հետապնդում, որից Հայաստանը պետք է օգտվի:










