Լրագրողական մրցույթ՝ գիտակրթական համակարգում կոռուպցիոն երևույթների թեմայով

15:22 • 02.09.12

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը «Լրատվական Ռադիո FM-106.5»-ի հետ միասին հայտարարում է Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուի անվան՝ «Կոռուպցիան և գիտակրթական համակարգը» մեդիա-մրցույթ։


Մրցույթին կարող են ներկայացվել բոլոր այն աշխատանքները (տպագիր, գրաֆիկական, հեռուստատեսային,ռադիո, էլէկտրոնային, աուդիովիզուալ և այլն), որոնք լուսաբանում են ՀՀ գիտական և գիտակրթական համակարգերում առկա կոռուպցիոն երևույթները:


Միաժամանակ մրցույթի կազմակերպիչները զգուշացնում են, որ բացառապես կրթական համակարգին վերաբերող նյութերը չեն դիտարկվելու։


Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է տեղադրված լինեն ինտերնետում և հեղինակի կողմից ներկայացվեն «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան էջում:


Հայտերն ընդունվում են մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և կարող են ներկայացվել աշխատանքների հրապարակման պահից: Մրցույթի մեկնարկային մրցանակային ֆոնդը 0,5 միլիոն դրամ է։


Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն հայտնի է որպես «Սինգապուրյան հրաշքի» հեղինակ: Ամենակոռումպացված,
աղքատ ու հետամնաց երկրներից մեկի՝ Սինգապուրի ղեկը ստանձնելուց հետո Լի Կուան Յուն դարձնում է այն աշխարհի գիտատնտեսական գերտերություններից մեկը՝ իր իսկ խոստովանությամբ, նախ և առաջ, կոռուպցիան իսպառ արմատախիլ անելու շնորհիվ: