Ուկրաինուհին նկարներ է ստեղծում ձկների «մնացորդներով» (լուսանկարներ)
Ուկրաինացի ինքնուս նկարչուհի Ելենա Ժուրավսկայան ընտրել է ստեղծագործելու յուրահատուկ տարբերակ. գեղեցիկ պատկերներ նկարելու համար նա վրձինն ու ներկերը փոխարինել է ձկների թեփուկներով, ոսկորներով ու աչքերով, գրում է Oddity Central-ը:
Ժուրավսկայան զբաղվում է նկարչությամբ սիրողական մակարդակով, իսկ մասնագիտությամբ ճարտարապետ է: Նա մշակել է յուրահատուկ մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս ձկների «մնացորդներն» այնպես դասավորել, ինչի արդյունքում յուրօրինակ կտավներ են ծնվում:
Թեև նկարչուհու աշխատանքներն արտասահմանում լայն տարածում չունեն, սակայն դրանք արդեն ցուցադրվել են Կիևի բազմաթիվ պատկերասրահներում և արժանացել այցելուների գովեստին:
Հեղինակի խոսքերով` ձկնային «մնացորդներով» ստեղծագործելն անչափ դժվար և ժամանակատար գործընթաց է: Մեկ կտավի ստեղծման վրա նա աշխատում է մի քանի օրից մինչև 1 տարի: Աշխտանքի ընթացքում նկարչուհին օգտագործում է փոքրիկ մուրճ, եղունգների խարտոց, մկրատ և սոսինձ:










