«Ա1+»-ի «Այբ-Ֆե+» ծրագիրը 10 տարի անց կհեռարձակվի արդեն «ԱրմՆյուզ»–ի եթերից (տեսանյութ)

15:00 • 04.09.12

«Ա1+» հեռուստաընկերության «Այբ-Ֆե+» լրատվական ծրագիրը 10 տարի ընդմիջումից հետո վերադառնում է եթեր, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանը։


Նա նշեց, որ «Արմնյուզ» և «Ա1+» հեռուստաընկերությունները կհամագործակցեն, իսկ համագործակցության առաջարկությունը եղել է «ԱրմՆյուզ»-ի կողմից, ինչն էլ որպես բիզնես առաջարկ սիրով ընդունել է «Ա1+»-ը:

 

«Սեպտեմբերի 10-ից շաբաթական հինգ օր «Ա1+»-ն իր լրատվական հաղորդմամբ կլինի «ԱրմՆյուզ»-ի եթերում:

 

Համագործակցության նպատակն է բազմազան հեռուստապրոդուկցիայի հնարավորություն տալ»,- ասաց Արտակ Ալեքսանյանը և ավելացրեց, որ «Ա1+»-ն իր հեռուստահաղորդումները պատրաստելու է ինքնուրույն` «ԱրմՆյուզ»-ը չի միջամտելու հաղորդման խմբագրական աշխատանքներին:


«Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի խոսքով` երկու հեռուստաընկերությունների միջև պայմանագիրը կնքված է մեկ տարով։


«1991 թվականից «Ա1+»-ը լրատվական դաշտում է: Մեր ինֆորմացիոն անալիտիկ ծրագիրը՝ «Այբ-Ֆե»-ն, եթեր կհեռարձակվի շաբաթական հինգ օր, որտեղ կներկայացվի մեր առօրյան, քաղաքական դաշտը»,– ասաց նա:


Մեսրոպ Մովսեսյանը նկատեց, թե «Ա1+»-ի շուրջ դատական գործընթացները չեն խանգարի համագործակցությանը: Մեսրոպ Մովսեսյանի խոսքով՝ իրենց խնդիրը ոչ թե «ԱրմՆյուզ»-ի հետ է, այլ ՀՌԱՀ-ի:


Հիշեցնենք, որ 2011-ին հեռուստաընկերությունների համար հայտարարված մրցույթում կրկին ՀՌԱՀ-ն անբավարար գնահատեց «Ա1+»-ի ներկայացրած ծրագիրը՝ նախապատվությունը տալով «Արմնյուզ»-ին:


«Ա1+»-ի տնօրինության պնդմամբ, հեռուստաընկերության նկատմամբ այսօր էլ շարունակվում է իրականացվել քաղաքական հետապնդումներ:


Մեսրոպ Մովսեսյանը բոլորովին էլ այն կարծիքին չէ, որ «ԱրմՆյուզ»-ի հետ համագործակցությունը քաղաքական քայլ է, ինչի նպատակն է այս կերպ մեկընդմիշտ փակել «Ա1+»-ի հարցը։ Միաժամանակ, նա չթաքցրեց իր մտավախությունը, որ կարող են խնդիրներ ծագել:


«Մտավախություն կա, իհարկե, առջևում քաղաքական պայքար է լինելու և խնդիրներ են ծագելու: Համագործակցությունը ձևավորվել է քաղաքակիրթ հարաբերություններում և ես դրան հավատում եմ»,– ասաց նա:


«Ես նաև պատրաստ եմ, որ դատական գործընթացում կարող են հարցադրումներ առաջանալ, որ արդեն կարելի է մեղմել վիճակը, որ «Ա1+»-ն արդեն եթերում է, սակայն հավատացնում եմ, որ դա (համագործակցությունը-Tert.am) չի մեղմում (իրավիճակը-Tert.am)»,– ընդգծեց Մեսրոպ Մովսեսյանը:


«Ես դրա պատասխանը ունեմ և հուսով եմ, որ գործը դրան չի հասնի: Սկսել ենք նորմալ հարաբերություններով և, հուսով եմ, որ շարունակելու ենք այդպիսի հարաբերություններով»,- նշեց նա և ավելացրեց, որ ժամանակը ցույց կտա՝ բիզնես հարաբերություննե՞ր կլինեն, թե՞ այս ամենը քաղաքական ենթատեքստ կունենա:

 

Տեսանյութը՝« Ա1+»-ի