MTV-ն հայտարարել է տարվա լավագույն տեսահոլովակները

12:19 • 07.09.12

Հանրահայտ MTV Video Music Awards 2012 մրցանակաբաշխության ժամանակ հայտնի են դարձել այս տարվա լավագույն տեսահոլովակները, գրում է Lenta.ru-ն:

 

Բրիտանական One Direction բոյբենդի What Makes You Beautiful երգի տեսահոլովակը հաղթել է միանգամից 2` «Լավագույն փոփ տեսահոլովակ» և «Լավագույն տեսողական էֆեկտներ» անվանակարգերում: Բացի այդ, խումբը հաղթող է ճանաչվել նաև «Տարվա հայտնություն» անվանակարգում:

 

Սակայն «Տարվա լավագույն տեսահոլովակ»-ի համար գլխավոր մրցանակը բաժին է հասել երգչուհի Ռիհաննային՝ We Found Love երգի տեսահոլովակի համար:

 

«Լավագույն ռոք տեսահոլովակ» է ճանաչվել Coldplay-ի Paradise երգի տեսահոլովակը, իսկ հիփ-հոփ անվանակարգում հաղթանակ է տարել Դրեյքի և Լիլ Ուեյնի HYFR երգի տեսահոլովակը:

 

Ինչ վերաբերում է «Տարվա լավագույն ռեժիսուրա» և «Տարվա լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգերին, ապա այստեղ հաղթող է ճանաչվել երգչուհի M.I.A.-ի Bad Girls երգի տեսահոլովակը:

 

Մրցանակաբաշխության ընթացքում ձեռնունայն չի մնացել նաև Քրիս Բրունը, ում Turn Up The Music երգի տեսահոլովակը մրցանակ է ստացել «Տղամարդու լավագույն տեսահոլովակ» և «Լավագույն խորեագրաֆիա» անվանակարգերում: «Կանացի լավագույն տեսահոլովակ»-ի համար մրցանակ է ստացել Նիկի Մինաժը՝ Starships երգի տեսահոլովակով:

 

Իսկ 2 անվանակարգերում առաջադրված կանադացի երգիչ Ջասթին Բիբերը որևէ մրցանակ չի ստացել: