«Արտույտների ագարակ»-ի հեղինակը Գլենդելում կներկայացնի նույն թեմայով իր հաջորդ գործը
Սփյուռքահայ թերևս ամենանշանավոր գրող՝ իտալահայուհի, Պադուայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Արսլանը հանդես կգա նոր աշխատանքով, հայտնում է Asbarez-ը:
Արսլանն ընթերցողների լայն շրջանակներին հայտնի է Հայոց ցեղասպանության մասին 2004թ.-ին լույս տեսած «Արտույտների ագարակը» վեպով, որի հիման վրա իտալացի անվանի ռեժիսորներ Տավիանի եղբայրները նաև համանուն աղմկահարույց ֆիլմ էին նկարահանել: Վեպը թարգմանվել է 20 լեզուներով, այդ թվում՝ հայերեն:
Եվ ահա, Արսլանը, ում հայրը, ի դեպ, Հռոմի Պապի բժիշկն է եղել, պատրաստվում է ներկայացնել իր մյուս՝ «Ճանապարհ դեպի Զմյուռնիա» վեպը (2007թ.): Արսլանը նախատեսում է սեպտեմբերի 27-ին գիրքը ներկայացնել և դասախոսություն կարդալ Գլենդելի Կենտրոնական գրադարանում:
Կազմակերպիչները տեղեկացրել են, որ հանդիպմանն անվճար կլինեն նաև մեքենաների կայանատեղերը:
Վեպում ներկայացված են Շուշանիկ Արսլանյանի ու նրա 4 երեխաների դեգերումներն Առաջին աշխարհամարտի ու Ցեղասպանության բովում, մինչ նրա ամուսինը՝ Երվանդ Արսլանյանը, Պադուայից փորձում է կազմակերպել ընտանիքի անցումն Իտալիա:










