Ադրիանո Չելենտանոյի երկար սպասված մենահամերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում (տեսանյութ)

11:43 • 09.10.12

Աշխարհահռչակ իտալացի դերասան ու երգիչ Ադրիանո Չելենտանոն մեծ բեմ վերադառնալու որոշում է կայացրել և վերջին 18 տարում առաջին անգամ մենահամերգ է ունեցել Վերոնայում, գրում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։

 

Երկար սպասված համերգն անցել է «Արենա»-ի լեփ-լեցուն դահլիճում։
 

«Ի՞նչ տարօրինակ բան կա նրանում, որ ես երգում եմ։ Դա ինձ պարզապես դուր է գալիս»,-ասել է 74-ամյա Չելենտանոն։

 

Անցած 10 տարիների ընթացքում երգիչը չի հայտնվել հանդիսատեսի առաջ՝ չհաշված միայն Սան Ռեմոյի վերջին փառատոնը։ Անկախ դրանից, Չելենտանոն այս ողջ ժամանակահատվածում մի քանի երաժշտական ալբոմ է թողարկել։

 

Ինչպես նշել են համերգի կազմակերպիչները, ավելի քան 500 հազար մարդ է դիմել իրենց տոմսեր ձեռք բերելու համար, սակայն «Արենա»-ն տեղավորում է ընդամենը 12 հազար մարդ։

 

Ի տարբերություն նման այլ երաժշտական միջոցառումների՝ այս մեկը, ժամանցային լինելուց զատ, կրել է նաև «տնտեսական» ենթատեքստ։ Համերգի հյուրն է եղել հանրահայտ ֆրանսիացի տնտեսագետ Ժան Պոլ Ֆիտուսին, ում հետ Չելենտանոն հենց բեմում քննարկել է ներկայիս տնտեսական խնդիրները, որոնք, ըստ երգչի, ոտնահարում են քաղաքացիների իրավունքները։

 

Սակայն այս քննարկումը չափից շատ է տևել, և հանդիսատեսը սուլոցների միջոցով սկսել է միայն երաժշտություն պահանջել։