«Օ, Մերի». հայ իրավաբան պրոֆեսորը Ռուսաստանում գեղարվեստական վեպ է հեղինակել

21:16 • 09.10.12

Ռուսաստանի ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Միջազգային կառավարման ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ենգիբարյանը ИТАР-ТАСС լրատվական գործակալությունում ներկայացրել է իր առաջին գեղարվեստական գիրքը:

 

Գիտական գործերի մեծ փորձով Ենգիբարյանի վերջին աշխատանքը վեպ է՝ «Օ, Մերի» վերնագրով:

 

Խոսելով նար գրքի մտահղացման մասին՝ Ենգիբարյանն ասել է, թե դեռ 10 տարի առաջ եկել է այն եզրակացությանը, որ բոլոր երկրների սահմանադրությունները միևնույն ճշմարտություններն են հռչակում, չնայած իրենց ոգով տարբեր են:

 

Նա նշել է, որ իր գրքում մտորել է, թե մարդու ծննդյան վայրը, կրոնա-մշակութային պատկանելությունը, ազգությունը և քաղաքացիությունը ինչպես են ազդում նրա ճակատագրի և աշխարհընկալման վրա:

 

«Ամեն բան, այս կամ այն կերպ, հնարավոր է փոխել՝ բնակության երկիրը և հասարակական կարգավիճակը, բարելավել կամ վատթարացնել առողջությունը, փոխել արտաքինը ու նույնիսկ սեռը: Միակ ամբողջովին օբյեկտիվ գործոնը, որ ենթակա չէ փոփոխության, ճակատագրով որոշված մարդու ծննդյան ժամանակն է», - համոզմունք է հայտնել հայազգի պրոֆեսորը:

«Օ, Մերին» 600 էջից է բաղկացած, 2 հիմնական գլուխներից՝ «Ծնունդ» և «Երկվություն»: Ինքը՝ հեղինակը, իր գործն անվանում է հոգեբանական վեպ-դրամա: