Կոմայից դուրս եկած ամերիկացի բժիշկը գիրք է գրել անդրշիրիմյան կյանքի մասին
Կոմայից դուրս եկած Հարվարդի համալսարանի դասախոս էբեն Ալեքսանդերը գիրք է գրել անդրշիրիմյան կյանքի մասին, հայտնում է korrespondent.net-ը։
Ինչպես նշել է նեյրովիրաբույժը, լինելով քրիստոնյա՝ նա չի հավատացել անդրշիրիմյան կյանքին։
«Ես մեծացել եմ գիտական միջավայրում։ Ընտրելով հորս ուղին՝ դարձա ակադեմիկոս և նեյրովիրաբույժ, և հասկանում եմ, թե ինչ է կատարվում ուղեղի հետ, երբ մարդիկ գտնվում են մահվան շեմին։ Այդ իսկ պատճառով միշտ կարծել եմ, որ գոյություն ունի մարմնից դուրս ճանապարհորդությունների խելամիտ գիտական բացատրություն»,- պատմել է նա Newsweek պարբերականին։
Ալեքսանդերի խոսքով՝ ամեն ինչ փոխվել է 2008թ. աշնանը, երբ նա ընկել է կոմայի մեջ։ Նա նշել է, որ ճանապարհորդել է անդրշիրիմյան աշխարհում և, մասնավորապես, դրախտում։
Բժիշկը պատմել է, թե ինչպես է նա ճախրել ամպերի մեջ, հանդիպել «թափանցիկ» արարածների, որոնք թռչում էին երկնքում և իրենց ետևից թողնում երկար հետքեր։ Բժիշկը պատմել է նաև, որ այդ արարածներից մեկը՝ մի անծանոթ կին, միացել է նրան և ուղեկցել այդ աշխարհում։
Շուտով տղամարդը դուրս է եկել կոմայից և գրել «Նեյրովիրաբույժի ճանապարհորդությունն անդրշիրիմյան աշխարհում» գիրքը, որը լույս կտեսնի հոկտեմբերի վերջին։










