Իտալացին անհավանական պատկերներ է ստեղծում սովորական կնիքով (լուսանկարներ)
Իտալացի Ֆեդերիկո Պիտրելան ստեղծագործելու հարցում բավական սրամիտ է գտնվել։ Արտասովոր ու գեղեցիկ պատկերներ ստանալու համար նա վրձինն ու ներկերը փոխարինել է ընդամենը 1 իրով՝ սովորական կնիքով, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը։
Նրա սև ու սպիտակ աշխատանքներին հեռվից նայելիս գրեթե անհնար է գուշակել, որ դրանք կնիքով են արվել։ Այս յուրահատուկ նկարչական տեխնիկան իտալացին կիրառում է արդեն 15 տարի։
Հեղինակի խոսքով՝ յուրաքանչյուր նմուշ ավարտին հասցնելու համար նրանից պահանջվում է միջինը 1- 2 ամսվա քրտնաջան աշխատանք։
Պիտրելան այնպիսի արհեստավարժությամբ է աշխատում, որ կնիքով ստեղծագործելու միջոցով կարողանում է հոգալ իր կարիքները։
Նրա նկարները շատ բարձր են գնահատվում ժամանակակից արվեստի սիրահարների կողմից, և դրանց գինը հասնում է մինչև 20 հազար եվրո։










