Երևանում տեղադրվող գիպսե արձանները ժամանակավոր բնույթ են կրում

17:46 • 11.10.12

Երևանում վերջերս տեղադրված գիպսե բոլոր արձանները որոշ ժամանակ անց տեղափոխվելու են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գևորգյանը:


Նա նշեց, որ դրանցից յուրաքանչյուրն իր տեղ կգտնի համապատասխան տուն թանգարանում:


«Օրինակ՝ Ֆրունզիկ Մկրտչյանի արձանը կտարվի Գյումրի՝ նրա տուն թանգարան, Պարույր Սևակինը՝ Զանգակատուն և այլն: Միշտ մեղադրանք է հնչում, որ ամեն ինչ կենտրոնացված է Երևանում իսկ ինչո՞ւ մայրաքաղաքը իր արձաններից չնվիրի մյուս քաղաքներին»,- ասաց նա:


Անդրադառնալով դրանց որակին՝ մասնավորապես այն փաստին, որ երեկ կրկին Մհեր Մկրտչյանի արձանը վնասվել էր՝ ոտքի վրա ճաք էր առաջացել, Արթուր Գևորգյանն ընդգծեց, որ պատճառն ամենևին էլ անձրևը չէ:


«Թյուր կարծիք է, թե անձրևն էր պատճառը: Մենք կարծում ենք, որ ինչ-որ մեկը փորձել է այն շարժել, որն էլ ճաքի պատճառ է դարձել: Դեռևս երեկ մի քանի ժամվա ընթացքում արձանի տեսքը վերականգնվել է»,-ասաց նա:


Նշենք, որ արձաններն արդեն գտնվում են տեսախցիկների հսկողության ներքո՝ այն բանից հետո, երբ արձանների վնասման մի քանի դեպքեր գրանցվեցին:


Tert.am-ի դիտարկմանը, թե արձանների արտաքին տեսքի մասին բազմաթիվ բացասական կարծիքներ են հնչում, Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Մոնումենտալ արձաններ ստեղծելու միտք չի եղել»:


«Սրանք այնպիսի կոլորիտ են ստեղծում, որ, ասես, կանչում են նկարվելու: Շատ հետաքրքիր լուծում է տրվել: Բարի աուրա կա նրանց շուրջ: Վա՞տ է, եկե՛ք փորձենք ընդունել նաև այն, ինչը ժամանակավոր է տրվում»,- ասաց նա: