Սա լավագույնն էր, ինչ կարելի էր անել. վերջերս Երևանում տեղադրված արձանների քանդակագործ
«Մեր մեծերը՝ մեր կողքին» նախագծի շրջանակում, վերջերս Երևանում տեղադրված արձանների հեղինակ, քանդակագործ Սուրեն Մելքոնյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշեց, որ դրանք քաղաքային իլյուստրացիաներ են և ժամանակավոր բնույթ են կրում:
«Չգիտեմ, միգուցե բոլորն ավելի մեծ սպասելիքներ ունեին: Սա քաղաքային պատկերազարդում է: Մենք ուզում էինք, որ փոքր-ինչ փոխվեր քաղաքի տեսքը, ու աշխուժություն մտցվեր»,- ասաց նա և ավելացրեց, որ քաղաքապետարանը երեք տարեկան երեխա չէ և երբ գնում է այդ քայլին, ուրեմն մտածված է անում:
Միաժամանակ քանդակագործը նշեց, որ ինքը կցանկանար, որ դրանք ավելի ու ավելի կոմպոզիցիոն լինեին: Հարցին, թե հնարավոր չէ՞ր դրանք պատրաստել այնպիսի նյութից, որ այդքան հեշտությամբ չկոտրվեին, նա պատասխանեց.
«Եթե նախագիծ լինի, որտեղ քանդակների երկարակեցության նպատակ դրվի, ապա՝ այո: Բայց սա լավագույնն էր, ինչ կարելի էր անել: Չէր կարելի քարը վերցնել դնել փայտին: Ընդամենը պետք էր քաղաքի դեմքը մի քիչ փոխել»,- ասաց նա և նշեց, որ երևանցին պետք է որոշի՝ այդ քանդակները արժանի՞ են իրեն, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ «Մեր մեծերը՝ մեր կողքին» նախագծի շրջանակում նստարանների վրա տեղադրվել են հայ մեծ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի, գրողներ՝ Չարենցի, Պարույր Սևակի, Հրանտ Մաթևոսյանի և շախմատիստ Տիգրան Պետրոսյանի քանդակները:
Այս ընթացքում մի քանի անգամ վնասվել ու վերանորոգվել է Ֆրունզիկ Մկրտչյանի արձանը, ինչպես նաև կոտրվել է Հրանտ Մաթևոսյանի արձանի մատը:










