Կոմիտասի արժեքավոր ձեռագրերի համար անհրաժեշտ գումարը չի հաջողվել գտնել

16:48 • 15.10.12

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին առ այսօր չի հաջողվել հայթայթել այն 7000 ԱՄՆ դոլարը, որն անհրաժեշտ էր կոմիտասյան մի շատ արժեքավոր ձեռագիր գնելու ու այն Կոմիտասի դիվանին նվիրելու համար: 


«Հիմա մի հինգ օրվա մեջ սպասում եմ պատասխանի, եթե չէ, ուրեմն այդ ձեռագրերը նորից կգնան, կկորչեն»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց նա։


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այս ձեռագիրը կարող է տանել Կոմիտաս վարդապետի կորած համարվող արժեքավոր ձեռագրերի հետքերի վրա, և Արթուր Շահնազարյանը մոտ մեկ ամիս առաջ տեղեկացրել էր, որ Ռուսաստանից բերված կոմիտասյան ձեռագրերով տետրը ձեռք բերելու համար արդեն դիմել է «չորս-հինգ տեղ» և սպասում է պատասխանի:


Հայաստանյան մշակույթի փոքրաթիվ մեկենասներից մեկից Արթուր Շահնազարյանն արդեն իսկ մերժում է ստացել, այն «հիմնավորմամբ», թե Կոմիտասն իրենց «ճյուղը չէ»:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին հանդիսավոր պայմաններում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, նրա տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ներկայությամբ տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման հանդիսավոր արարողությունը:


Համալիրի նախագծի հեղինակ, ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ «աշխատել են ստեղծել ապագայի համար հոգևոր մի կառույց, հոգևոր մի արժեք» և ավելացրել՝« ինչքանով կստացվի, կտեսնենք»:


Համալիրը ունենալու է թանգարանային մաս, գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն:


Իսկ կառուցապատման ծախսերը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը` սիրիահայ բարերար Գաբրիել Ջամբարջյանի աջակցությամբ: