Վանի ուրարտական սեպագրերը վանդալիզմի զոհ են դարձել

11:49 • 15.10.12

Աշխարհի ամենահին գրավոր արձանագրություններից համարվող Ուրարտուի սեպագրերը Վանում վերացման վտանգի առաջ են կանգնել, ահազանգում է «Ռադիկալ» օրաթերթը։

Վանի բերդում 1916 թ.-ին գիտնականներ Հովսեփ Օրբելիի և Նիկողայոս Մառի կողմից հայտնաբերված 2 700-ամյա ուրարտական սեպագրերը վերացման եզրին են։ Անուշադրության մատնված արձանագրությունները վանդալիզմի զոհ են դարձել և գրեթե անընթեռնելի են։


Սարդուրի 2-րդ թագավորի արձանագրությունները թվագրվում են մ.թ.ա. 765-735թթ., որոնք պատմում են արքայի Անատոլիա կատարած այցելությունների մասին։
 

Արձանագրությունները փրկելու համար Վանի «Յուզունջու յըլ» համալսարանի հնագետներն առաջարկությամբ են հանդես եկել։ Նրանք նախատեսում են դրանք տեղափոխել թանգարան՝ պաշտպանելու նպատակով, իսկ հուշարձանի մոտ դրանց կրկնօրինակները տեղադրել։


Խիստ վնասված արձանագրությունները, սակայն, նախ վերականգնել է պետք։


Ուրարտական արձանագրություններին վնաս հասցնողների դեմ հետաքննություն է սկսվել։ Արձանագրությունները վնասող անձանց, եթե նրանք հայտնաբերվեն, 5-10 տարվա ազատազրկում է սպառնում՝ պատմական հուշարձաններին վնաս հասցնելու հոդվածով։