Հայաստանի քրիստոնեական ժառանգությունը վտանգի տակ է. EurasiaNet-ի անդրադարձը (լուսանկարներ)

11:10 • 16.10.12

Հեղինակավոր EurasiaNet կայքն (հոդվածագիր՝ Գայանե Աբրահամյան) անդրադարձել է Հայաստանի ամենացավոտ խնդիրներից մեկին՝ քրիստոնեական հուշարձանների պահպանմանը՝ նշելով, որ ոչ պատշաճ ուշադրության պատճառով մեր երկրի քրիստոնեական ժառանգությունը վտանգի տակ է։

 

«Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունել, ուստի զարմանալի չէ, որ հայերն անչափ հպարտ են իրենց կրոնական ժառանգությամբ»,- նշում է կայքը՝ հավելելով, որ 301 թ.-ից ի վեր հազարավոր եկեղեցիներ ու վանքեր են կառուցվել երկրով մեկ ու դարձել պատմական Հայաստանի անքակտելի մասը։ 

 

Ըստ աղբյուրի՝ սա բազմաթիվ պատճառներից մեկն է, թե ինչու է պաշտոնական Երևանը քննադատում Վրաստանին և մյուս հարևան պետություններին հայկական քրիստոնեական ժառանգության մասնիկներն ակնհայտորեն անտեսելու համար։
 

EurasiaNet.org-ը վերջերս մի զեկույց էր ներկայացրել, համաձայն որի՝  Հայաստանի տարածքում գտնվող 24 հազար քրիստոնեական հուշարձանների ուղիղ 50%-ն անհապաղ վերանորոգման կարիք ունի, իսկ 1/3 մասն էլ փլուզման վտանգի առաջ է կանգնած։

 

Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը եկեղեցիների պահպանման համար նախատեսված ֆինանսական միջոցների պակասն է, սակայն «մեղավորության իր բաժինն ունի նաև հայ հասարակությունը, որը չի հարգում այդ անգին հուշարձանները»։

 

«Պետք չէ թուրքերին, վրացիներին կամ ադրբեջանցիներին մեղադրել այս ամենի համար։ Մենք ինքներս ենք աղտոտում և ոչնչացնում այն միջավայրը, որտեղ գտնվում են հուշարձանները»,-նշել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

 

Ինչ վերաբերում է Մշակույթի նախարարությանը, ապա այն, ըստ աղբյուրի, իր հերթին մեղավոր է հնագույն եկեղեցիների վերանորոգման նպատակով պետբյուջեից հատկացված գումարները ոչ նպատակահարմար տնօրինելու համար։ Կայքը մեջբերել է նախարարության կարծիքը, համաձայն որի՝ շարքային քաղաքացիները ևս պետք է ջանք գործադրեն, որպեսզի Հայաստանի հպարտությունը՝ քրիստոնեական ժառանգությունը չվերանա։

 

«Պետք է փոխվի մարդկանց վերաբերմունքը։ Հասարակությունն անտեղյակ է դարձել իր պատմական հուշարձանների իրական արժեքից։ Իսկ Մշակույթի նախարարությունն ամենազոր չէ»,-նշել է մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։