Վահրամ Գաֆեճյանի հուշատախտակի բացման օրը ախլցխացիների համար վերածվել էր իսկական տոնի. Վիկտոր Հովհաննիսյան (լուսանկարներ)

23:11 • 16.10.12

Ջավախքի մաս կազմող Ախալցխայում վերջերս տեղադրվեց Վահրամ Գաֆեճյանի հուշաքարը, Այն իր տեղը գտավ այնտեղ, որտեղ 1897թ.-ից մինչև 1923թ.-ը ապրել է հայ մեծ գեղանկարիչը:

Հուշատախտակի հեղինակը կրկին ծնունդով ախալցխացի, սակայն երկար տարիներ Հայաստանում բնակվող գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանն է:

«Հուշաքարը մի դիմաքանդակ է, բայց կարևորն այն է, որ չի դարձել այն հուշաքարերից, որ պարզապես գրվում է՝ այստեղ ծնվել, մեծացել ու ապրել է տվյալ մարդը: Այն ունի Ախալցխայի Կարնո զարդանախշ, որը հատուկ է միայն Կարնո աշխարհին, որտեղ ժամանակին ապրում էին ախալցխացիները: Հուշաքարի կերպարը Կարնո օրնամենտն է: Ես շատ եմ ուզեցել, որ քարի վրա արտացոլված լինի հայկականությունը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հուշաքարի տեղադրման առիթը Վահրամ Գաֆեճյանի հոբելյանական՝ 130-ամյակն էր: Վրաստանի կառավարությունը անձամբ է առաջարկել նման հուշաքար տեղադրել, պատրաստ լինելուց հետո էլ՝ տվել թույլտվություն:

Գեղանկարիչը հիշեց, որ Վահրամ Գաֆեճյանի հուշաքարի տեղադրման օրը Ախալցխայի հայերի համար վերածվել էր իսկական տոնի, քանի որ բարձրացվեց իր տաղանդավոր զավակի հուշաքարը:


Վիկտոր Հովհաննիսյանը մեզ տեղեկացրեց, որ մի քանի տարի առաջ Ախալցխայում տեղադրվել է նաև մեկ այլ տաղանդավոր ախալցխացու՝ նկարիչ Վարդգես Սուրենյանցի հուշաքարը:

«Հաջորդ տարի մեկ այլ հայ մեծ նկարիչ, ծնունդով կրկին Ախալցխայից, Հակոբ Կոջոյանի 130-ամյակն է: Հույս ունեմ, որ նրա հուշատախտակն էլ կկարողանանք տեղադրել: Ես դա կանեմ, անկախ այն բանից, թե Վրաստանի կառավարությունը ինձ կվճարի, թե՝ ոչ: Դա իմ քաղաքն է և իմ քաղաքի տաղանդի քարը»,- ասաց նա և նշեց, որ մինչ օրս ֆինանսավորել են երևանաբնակ ախլցխացիները ՝ քարը հայթայթելու, տեղափոխելու և այլնի համար:

Գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը այսօր ապրում ու ստեղծագործում է Երևանում: Չնայած դրան՝ ասում է, որ 17 տարեկանից բնակվելով Երևանում, չի դարձել երևանցի, քանի որ ախալցխացին խոր արմատներ ունի իր մեջ:
«Բայց նաև Երևանը իր մշակույթով, իր կերպարով, ինձ հասունացրեց, դարձրեց այն, ինչ այսօր կամ: Իմ գեղանկարչությունը հայերեն է, որովհետև վերցրել եմ հայաստանյան ամեն ինչը»,-ասաց նա:

Հուշատախտակի հեղինակը կրկին ծնունդով ախալցխացի, սակայն երկար տարիներ Հայաստանում բնակվող գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանն է: