Երևանի քաղաքապետարանում քննարկվել են մշակութային ժառանգության վերաբերյալ հարցեր
Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս նահանգի շրջանային խորհրդի տուրիզմի միջազգային համագործակցության պատասխանատու Էլ Յամին Սումի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են մշակութային ժառանգության գնահատման ու պահպանման, զբոսաշրջության զարգացման հեռանկարների և համագործակցության եզրերի վերաբերյալ մի շարք հարցեր։
Ըստ քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ հայ-ֆրանսիական, ինչպես նաև Իլ դը Ֆրանսի և Երևանի քաղաքապետարանի միջև առկա ամուր բարեկամական և գործակցային կապերը կարող են լավ հիմք հանդիսանալ և նպաստել համատեղ ծրագրերի իրականացման` մասնավորապես մշակութային ժառանգության պահպանման համար:
«Երևանի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, մշտապես պատրաստ է քննարկելու համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր: Մայրաքաղաքն օրեցօր զարգանում է, և դրանով է պայմանավորված դեպի Երևան զբոսաշրջիկների ավելացող հոսքը»,– ասել է Արամ Սուքիասյանը:
«Քաղաքում պատմամշակութային մեծ ժառանգություն կա, իսկ դա ավելի ճանաչելի դարձնելու գործում մենք ակնկալում են նաև մեր գործընկերների աջակցությունը»,- նշել է նա ու հավելել, որ այս տարի Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, ինչը ևս վկայում է այն մասին, որ մայրաքաղաքն ունի մեծ ներուժ` պատմամշակութային ժառանգության պահպանման և զբոսաշրջության զարգացման բնագավառում:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Էլ Յամին Սումը նշել է, որ, «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության շրջանակում մասնակցելով մի շարք միջոցառումների և շրջելով մայրաքաղաքում` նկատել է զբոսաշրջության զարգացման լայն հեռանկարներ, և պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության սահմաններում աջակցել և արտերկրում ավելի ներկայանալի դարձնել Երևանի պատմամշակութային ժառանգությունը:
Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանը հետաքրքրված է Երևանում ստեղծել զբոսաշրջության գրասենյակ, և ակնկալում է այդ ուղղությամբ առաջարկություններ բոլոր գործընկերներից:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև կազմակերպել մասնագետների փոխայցեր:










