Գուրջիևի անվան ժողնվագարանների համույթը կմասնակցի NOSTALGIA FESTIVAL փառատոնին

11:23 • 17.10.12

Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյան) հոկտեմբերի 20-ին մենահամերգներով հանդես կգա NOSTALGIA FESTIVAL եվրոպական երաժշտական փառատոնին, որը տեղի է ունենալու Լեհաստանի Պոզնան քաղաքում, տեղեկացնում են համույթի մամուլի ծառայությունից:

 

Համույթի հետ փառատոնին մասնակցելու է նաև դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանը, ով կկատարի Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները:

 

Ըստ համույթի տարածած հաղորդագրության՝ փառատոնն այս տարի առանձնանում է իր արտահայտված հայկական ուղղվածությամբ, քանի որ նախատեսված են Ֆրունզե Դովլաթյանի և Փարաջանովի ֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաև հայ արվեստին ու հայագիտությանը վերաբերվող դասախոսություններ։

 

Հատկապես հետաքրքրական է «Սպանդի ու պատկերի լույսի միջև» խորագրով դասախոսությունը, որի շրջանակում բանախոսները կքննարկեն Փարաջանովի սիմվոլիզմի ու Տիգրան Մանսուրյանի երաժշտության փոխառնչությունները:

 

Նաև նախատեսված է զրույց-հանդիպում Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի երաժիշտների հետ, ովքեր կխոսեն հայկական երաժշտության, Գուրջիևի և Կոմիտասի երաժշտության առանձնահատկությունների մասին: