4 մլն դոլարանոց նկարը 42 տարի անց վերադարձվել է տիրոջը
Ռոյ Լիխտենշտեյնի հեղինակած, 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նկարն անհետանալուց 42 տարի անց վերգտել է իր տերերին Նյու Յորքում, հայտնում է Courier Mail-ը:
Տիրուհին՝ Բարբարա Կաստելին, այս առիթով մամուլի ասուլիս է հրավիրել և ասել, որ գտնված ունեցվածքը կախելու է Մանհեթանի իր տանը:
Միլիոնանոց կտավը կոչվում է «Էլեկտրալար»՝ իր վրա պատկերածին համապատասխան: Բարբարայի հանգուցյալ ամուսինը՝ արվեստի գործերի առքուվաճառքով զբաղվող Լեո Կաստելին, 1970թ.-ին նկարը վերականգնողի մոտ էր ուղարկել, ինչից հետո արվեստի գործն անհետացել էր:
2006թ.-ին Ռոյ Լիխտենշտեյնի հիմնադրամն աշխատանքի պատկերը զետեղել էր իր շնորհավորական բացիկի վրա և խնդրել՝ օգնել գտնելու:










