«Կոնգրես» հյուրանոցը հրաժարվել է ցուցադրել Parada ֆիլմը

18:16 • 17.10.12

ԵՄ պատվիրակության և Գերմանիայի դեսպանության նախաձեռնությամբ՝ hոկտեմբերի 17-ին և 18-ին «Կոնգրես» հյուրանոցում նախատեսված Parada ֆիլմի ցուցադրությունը չեղյալ է հայտարարվել: 


Ինչպես տեղեկացնում են Երևանում ԵՄ գրասենյակից՝ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և Երևանում Գերմանիայի դեսպանատունը ներողություն են խնդրում հետաքրքրված անձանցից այս մասին վերջին պահին զգուշացնելու համար:


Ըստ նրանց՝ ցուցադրությունը չեղյալ հայտարարելու պատճառը կապված է նրա հետ, որ ճնշման հետևանքով «Կոնգրես» հյուրանոցը հրաժարվել է ցուցադրման նախաձեռնությունից:


Նշենք, որ Parada ֆիլմը սերբական դրամա է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների իրավունքների նուրբ խնդիրը:


Հայաստանում ԵՄ գրասենյակից նաև տեղեկացնում են, որ ԵՄ պատվիրակությունն ու Գերմանիայի դեսպանատունն անհանգստացած են, որ մի շարք հաստատություններ, որոնք ավելի վաղ համաձայնել էին ցուցադրել ֆիլմը, այժմ հրաժարվում են անել դա:


Կազմակերպիչները վերահաստատում են, որ ֆիլմի ցուցադրությունը, անպայման, կկազմակերպվի այն դիտել ցանկացողների համար:


Հիշեցնենք, որ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր հոկտեմբերի 8-ին, սակայն ցուցադրության օրը «Հայազն» միությունը բողոքի ակցիա անցկացրեց Գերմանիայի դեսպանատան դիմաց, քանի որ այն ցուցադրվում էր Հայաստանի պետական տիկնիկային թատրոնում: Ֆիլմի ցուցադրությունը սակայն չկայացավ:


Parada–ի առանցքային թեման Բելգրադում միասեռականների շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ:


Ֆիլմը միջազգային ճանաչում ձեռք բերեց` էկրան բարձրանալով 2011թ. հոկտեմբերին: Այն հաջողությամբ ցուցադրվել է 2012թ. «Բեռլինալե» կինոփառատոնում` շահելով հանդիսատեսի մրցանակը «լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։