Վաղը Երևանում կբացվի Հայ բարերարների ճեմուղի
Վաղը՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 17:00 Երևանի Օղակաձև զբոսայգում (Մ. Նալբանդյանի արձանի հարևանությամբ) տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված` Հայ բարերարների ճեմուղու բացման հանդիսությունը, այս մասին տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և պատվերով մայրաքաղաքի սրտում կանգնեցվեց հայազգի մեծ զավակներ, բարերարության խորհրդանիշեր` Պողոս Նուպարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները և բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող մեկ հուշակոթող:
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը:
Կհնչի ՀՀ պետական օրհներգը: ժապավենը կկտրեն Գալուստ Գյուլբենկյան և Ալեք Մանուկյան դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտները:
Բարձրաստիճան հյուրերի մուտքը կողջունեն ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի փողային նվագախումբը և ՀՀ ՊՆ «Զորական» երգի համույթը:










