Հայաստանը առաջին անգամ կմասնակցի «Աշխարհի հմտություններ» մրցույթին
2013թ-ի հուլիսին Հայաստանը առաջին անգամ կմասնակցի Լայպցիգում կայանալիք տարբեր հմտություններին վերաբերող՝ «Աշխարհի հմտություններ» համաշխարհային մրցույթին:Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց, որ Հայաստանը մասնակցելու է միայն ոսկերչության, նորաձևության և խոհարարական մրցույթներին:
«Մրցույթին կարող են մասնակցել միջին մասնագիտական կրթական հաստատությունների 21-22 տարեկան ուսանողներ: Հոկտեմբերի 24-26-ը կանցկացվի ազգային մրցույթի նախընտրական փուլը, որի ընթացքում կընտրվի 3 մասնակից։ Նրանց հետ առաջիկա 6 ամսվա ընթացքում կպարապեն մասնագետները, և նրանք, բնականաբար, կդառնան ավելի մրցունակ»,- ասաց նա:
Մրցույթին օժանդակում են մի շարք գործարարներ: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Կրթության և գիտության բաժնի պետ Վահագն Հովհաննիսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում մեծ ուշադրություն է դարձվում այս մրցույթին:
«Մրցույթի միջոցով բիզնեսն ունենում է իրեն անհրաժեշտ բարձրորակ ու մրցունակ մասնագետներ: Մենք այս տարի դեռևս իրավունք չունենք մեդալի համար հավակնել, քանի որ այն երկիրը, որն առաջին անգամ է մասնակցում, մեդալ չի ստանում։ Բայց կարող ենք տարբեր նոմինացիաների մասնակցել»,- ասաց նա:
Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի գործադիր տնօրեն Գարիկ Գևորգյանը տեղեկացրեց, որ եթե խոհարարական մրցույթի ժամանակ հայտարարվի, որ պետք է ազգային ուտեստ պատրաստել, ապա, միանշանակ, կպատրաստվեն «տոլմա» և «սպաս» ճաշատեսակները:
Նշենք, որ «Աշխարհի հմտություններ» մրցույթին մասնակցում է 63 երկիր:










