ԱՄՆ դեսպանը վարչապետին շնորհավորել է Doing Business–ի բարելավված ցուցանիշի առիթով
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի միջև վերջինիս նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ դեսպանը վարչապետին շնորհավորել է Համաշխարհային բանկի Doing Business զեկույցի ցուցանիշի բարելավման կապակցությամբ։
Ըստ կառավարության մամուլի հաղորդագրության՝ կարևորելով գործարար միջավայրի բարելավման նշանակությունը տնտեսական կայուն աճի ապահովման տեսանկյունից՝ նա բարձր է գնահատել պետական կառավարման համակարգի բարեփոխման նպատակով ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը և այդ գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու վճռականությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին և ընդգծել ԱՄՆ կառավարության տեխնիկական օժանդակության կարևորությունը տվյալ ասպարեզում առաջընթացի ապահովման հարցում:
Դեսպանը նաև հիշատակել է հարկերի վճարման և ներդրումների պաշտպանության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերը և դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Հեռախոսազրույցի ավարտին դեսպան Ջոն Հեֆֆերնն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունն այսուհետ ևս պատրաստակամ է շարունակել ՀՀ կառավարությանը ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը` բարեփոխումների իրականացման և մասնավորապես գործարար միջավայրի բարելավման նպատակով:
Ի պատասխան` վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել և ընդգծել համագործակցությունը շարունակելու հայկական կողմի պատրաստակամությունը:










