Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերություններն արտոնություն կստանան
Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերություններն արտոնություն կստանան։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօրվա Կառավարության նիստի ժամանակ:
Մասնավորապես, «Ալեքս տեքստիլ» ընկերությանը 97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտրվի։
Ընկերությունը շուրջ 1.5 մլրդ դրամի ապրանք է ներմուծելու՝ ոչ ԵՏՄ անդամ պետությունից։ Ներդրումային ծրագրով նախատեսվում է 105 մլն դրամ ներդնել արտադրական հաստոցների, 12 մլն դրամ՝ բեռնատար ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև շուրջ 1.5 մլն դրամ՝ հումքի համար։
Ներկայումս ընկերությունում առկա է 465 աշխատատեղ՝ 220 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 485-ի՝ 230 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն կստանա նաև մյուս՝ կանացի և մանկական զուգագուլպաների, կիսագուլպաների և գուլպաների արտադրությամբ զբաղվող «Ալեքս Սոկս» ընկերությունը, կազատվի 7.3 մլն դրամի մաքսատուրքից։
Ընկերությունը նախատեսում է 146 մլն դրամի ապրանք ներմուծել։
Ներկայումս ընկերությունում առկա է 65 աշխատատեղ՝ 215 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 75-ի՝ 220 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։










