Ճապոնիայի և Չինաստանի դիվանագետները հարաբերությունների նորմալացման համար գաղտնի հանդիպում են ունեցել
Ճապոնիայի և Չինաստանի դիվանագետներն անցյալ շաբաթ գաղտնի հանդիպում են ունեցել Շանհայում՝ փորձելով գտնել Արևելաչինական ծովում Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների շուրջ սրված հակամարտության լուծման ուղին։
Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, այդ փաստն այսօր խոստովանել է նաև Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձիմուրան։
Չինաստանը Տոկիոյի իշխանության տակ գտնվող կղզին համարում է իրենից օկուպացված տարածք։
Սեպտեմբերին Ճապոնիայի կառավարությունը գնել էր այդ կղզիները՝ մասնավոր սեփականատերերից։
Այդ քայլը Չինաստանում բողոքի ակցիաների պատճառ էր դարձել, ինչից հետո Տոկիոյի և Պեկինի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում նվազել էին։ Չինաստանում անկում էր ապրել ճապոնական ապրանքների, հատկապես՝ ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշերը։
Վերջին շրջանում, սակայն, Պեկինն ավելի զսպված է դարձել։ Ենթադրվում էր, որ չինական իշխանությունները նպատակահարմար չեն գտնում երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ խաթարումը, քանի որ Ճապոնիան ՉԺՀ-ի հիմնական տնտեսական գործընկերներից է։










