Հայաստանում ներառական կրթությունը միակ համակարգն է, որ առաջարկվել է ներդնել փորձից ելնելով. «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ղեկավար
Պետության պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմանները, որ յուրաքանչյուր երեխա սովորելու հնարավորություն ունենա և ձևական ընդգրկված չլինի ներառական կրթության մեջ: «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Թադևոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ոգևորությամբ անդրադարձավ երեկ՝ ԱԺ-ում, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից ներառական կրթության համակարգի ներդրման հարցը առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացնելուն:
«Ներառական կրթությունը պետք է դիտարկել անձի իրավունքի տեսանկյունից: Սա այն եզակի երևույթներից է, երբ փորձից ելնելով է բարեփոխումներ առաջարկվել: Նշեմ, որ մինչև 2010 թ.-ը բոլոր մարզերում առնվազն մեկ դպրոց ճանաչված է եղել որպես ներառական կրթություն իրականացնող: Ասել, որ միանգամից ամեն ինչ լավ կլինի, չի կարելի, բայց սրան մենք պետք է գնանք քայլ առ քայլ»,- ասաց նա:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը անդրադարձավ այն կարծիքին, թե այս բարեփոխումը ձևական բնույթ է կրում և նշեց, որ ամեն ինչ կարող է լինել ձևական, եթե մենք մեր հոգում չենք ընկալում այն մեկնությունը, որ ամեն մարդ իրավունք ունի օգտվել սահմանադրական իր իրավունքներից:
«Իհարկե, օրենքներ ընդունվում են, բայց եթե մեր մանկավարժների գլխում տեղի չունենա փոփոխություն, մենք դժվարություններ կունենանք: Դեռևս 4-րդ դարից մեր ազգային մանկավարժության մեջ հանդուրժողականություն է քարոզվել, իսկ մենք այսօր հետ ենք: Բոլոր երեխաները պետք է իրար հետ սովորեն՝ անկախ ամեն ինչից: Երեխային զրկել կրթության իր իրավունքից, բռնություն է: Մենք այս օրենքով հեծանիվ չենք հորինում, մեր մեծերը, ովքեր ազգային մանկավարժության հենասյուներն են, այս սկզբունքներն են քարոզել»,- ասաց Անահիտ Բախշյանը, ում ղեկավարած դպրոցում, ի դեպ, դեռևս 1999թ-ին ներդրվել էր ներառական կրթության համակարգը:
Հարցին, թե արդյոք այսօր կա՞ն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ դպրոցները հաշմանդամություն ունեցող երեխաներին ավելի հարմարավետ դարձնելու համար, ինչպես նաև արդյոք հասարակությունը պատրա՞ստ է այս բարեփոխմանը, երկու բանախոսներն էլ ժամանակի հարց համարեցին:
«Ցավալի է, որ այսօր կառուցվում են դպրոցներ, որոնք հարմարեցված չեն այդ երեխաներին, ընդամենը մի քանի դպրոց կա, որ պահպանել են բոլոր չափանիշները: Բայց այսօր, առանց այդ ամբողջ համակարգի ներդրման, պետությունը նման երեխաների համար դպրոցին 4 անգամ ավել գումար է տրամադրում: Նշանակում է ամեն ինչ հնարավոր է: Որոշ դպրոցներում ներդրվել է նաև ուսուցչի օգնականի հաստիք, ով և կզբաղվի այդ երեխաներով»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Սուսաննա Թադևոսյանն էլ ընդգծեց, որ մանկավարժների հետ պետք է աշխատանք տարվի, որպեսզի հետո էլ նրանք աշակերտների ծնողների հետ բացատրական աշխատանքներ տանեն: Ըստ նրա, պետք է ակտիվություն ցուցաբերեն նաև ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների ծնողները՝ հասարակության մեջ իրենց երեխաներին ներգրավելու համար:










