Սիբիրախտի դեպքից հետո Գեղարքունիքում կարանտին է հայտարարվել. գյուղնախարար
Գեղարքունիքի մարզում սիբիրախտի դեմ կենդանիների կրկնակի պատվաստումների պատճառով Գյուղատնտեսության նախարարությունը այսօրվանից կարանտին է հայտարարել, Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ասաց Գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
Ըստ նրա, հաշվի առնելով մարզում հայտնաբերված սիբիրախտի դեպքերը, որն առաջացել է Ծովակ գյուղում բակային մորթի պատճառով, ինչպես նաև հիվանդության կարևորությունը, նախարարությունն իրականացրել է հակահամաճարակային պրոֆիլակտիկա:
«Այդ մարզի 7800 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների, 6700 մանր և 166 գլուխ խոզեր կրկնակի պատվաստում են ստացել, իսկ այն կենդանիները, որոնք բակային պայմաներում մորթվել են և պատճառ հանդիսացել համաճարակի բռնկման հայտնաբերվել են և ոչնչացվել»,- ասաց նախարարը:
Սերգո Կարապետյանը հստակեցրեց, որ քանի որ կրկնակի պատվաստումներ են իրականացվել և 14 օր այդ կենդանիներին չի կարելի մորթել, նախարարությունը այսօրվանից արդեն կարանտին է հայտարարել:
«Որպեսզի այդ անասուները չտեղափոխվեն և մորթ չիրականացվի»,- բացատրեց նա և հավելեց, որ իրավիճակը վերահսկվում է և վտանգավոր ոչինչ չկա:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ սիբիրախտով վարակված հիվանդների մի մասն արդեն համապատասխան բուժում են ստացել և տուն ուղարկվել:
«Այդ հիվանդությունն այդքան էլ սարսափելի չէ և ծանր հետևանքներ չի ունենում, քանի որ մաշկային տեսակն է»,- ասաց նա:










