ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է խմբագրապետ Ռոպէր Հատտէճեանին

18:31 • 24.10.12

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է պոլսահայ գրող, հրապարակախոս, «Մարմարա» քաղաքական, հասարակական օրաթերթի գլխավոր խմբագիր, բազմաթիվ մրցանակների, այդ թվում` 2011թ. Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի արժանացած Ռոպէր Հատտէճեանին, այս մասին տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունը:


Մեծապես գնահատելով վաստակաշատ խմբագրապետի` ավելի քան չորս տասնամյակ Սփյուռքի ամենահին համայնքներից մեկում` Պոլսում օրաթերթը պահելու եւ նորանոր բարձունքների հասցնելու ջանքերը` գերատեսչության Հրանուշ Հակոբյանը նշել է, որ միայն նման անհատականությունների շնորհիվ է համայնքը ապրում և պահպանում իր հայեցի դիմագիծը:


Շնորհավորելով պարոն Հատտէճեանին լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում սփյուռքյան լրատվամիջոցների մրցանակաբաշխությանը գլխավոր մրցանակին արժանանալու առթիվ` տիկին Հակոբյանն ընդգծել է, որ «Մարմարա»-ն հիմնադրման օրվանից իր վրա է վերցրել համայնքում մայրենի լեզվի, հայ մշակույթի պահպանման դժվարին գործը:


1967 թվականից ամբողջությամբ ստանձնելով օրաթերթը ղեկավարելու պատասխանատվությունը` պարոն Հատտէճեանն աննախադեպ բարձունքների է հասցրել Պոլսում հայ գրական կյանքի կազմակերպման, զարգացման եւ օրաթերթի միջոցով նաեւ Հայրենիքում եւ Սփյուռքի այլ համայնքներում հասանելի դարձնելու գործը:


«ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման առաջին իսկ օրերից «Մարմարա»-ն մեր կողքին է, ամենայն հոգատարությամբ անդրադառնում է գերատեսչության կողմից իրականացվող բոլոր հայանպաստ ծրագրերին»,- նշել է ՀՀ սփյուռքի նախարարը։


«Մենք շատ ենք սիրում Ձեզ եւ պատրաստ ենք աջակցել` գործունեության ընթացքում առաջացած բոլոր դժվարություններին լուծումներ տալու գործում»,– ավելացրել է նա:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ համայնքի հանդեպ ունեցած մշտառկա հոգատարության համար` պարոն Հատտէճեանը նշել է, որ դա է Սփյուռքում համայնքների պահպանման իրական եւ մեծ ազդակը:


Նախարարի այն խոսքին, թե «Մարմարա»-ի ամենակարեւոր առավելությունը տեղական հորդորներին տեղիք չտալը եւ միայն հայերեն լեզվով թերթի հրապարակումն է, խմբագրապետը հավաստիացրել է. «Ես իմ գրականութեն ես ո՛չ որակով կը հպարտանամ, ո՛չ ալ քանակով, այլ միայն` լեզուով»: