Հալեպում հայկական եկեղեցի չի հրկիզվել. Ժիրայր Ռեյիսյան
Համացանցում տարածված տեղեկությունները, թե Հալեպում հայկական եկեղեցի է հրկիզվել, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը։
Նա հստակեցրեց, որ խոսքը Նոր գյուղի ծայրամասի Սուրբ Գևորգ եկեղեցու մասին էր, բայց լուրն ապատեղեկատվություն է։ Անցնող օրերին եկեղեցու արտաքին պատի մոտ տեղադրված վառելանյութի տարան փամփուշտից ծակվել է, ինչի հետևանքով վառելանյութը հոսել է պատի վրա։ Ավելի ուշ բռնկվել է հենց այդ հոսած հատվածը, ինչն անմիջապես մարվել է, և եկեղեցին չի վնասվել։
«Եկեղեցվո դիմացը ոչ հայ կաթոլիկ մայրապետներու շենքը կա, ուր ներսը մատուռ մը կա, հրդեհող ռումբը վնասել է մատուռի մի մասը»,-ասաց Ռեիսյանը։
Անդրադառնալով վերջին երկու օրերին Հալեպի հայաշատ թաղամասերում առկա իրավիճակին՝ Ռեյիսյանը նշեց, որ Հալեպի կենտրոնական թաղամասերում արդեն մի քանի օր է բախումներ չկան, և մարդիկ նորմալ փողոց են դուրս գալիս։
Հալեպի բնակիչների հիմնական խնդիրն այժմ աշխատանքն է, քաղաքում անգործություն է։
Ռեյիսյանի խոսքով՝ քաղաքի ծայրամասային որոշ շրջաններում դեռ բախումները շարունակվում են։ Մերթընդմերթ լսվում են կրակոցների և պայթյունների ձայներ։
Ծայրամասային շրջաններում շատերը դեռևս չեն կարողանում վերադառնալ իրենց տները։










