Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի գործընկեր քաղաքների ներկայացուցիչների հետ

20:16 • 24.10.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է ֆրանսիական գործընկեր քաղաքների, Ֆրանսիայի միավորված քաղաքների կազմակերպության «Հայաստան» աշխատանքային խմբի պատվիրակության անդամների հետ, տեղեկացնում են Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:


Ողջունելով հյուրերին և կարևորելով 2010 թվականին Երևանում կայացած Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովը՝ քաղաքապետն ընդգծել է, որ այն նոր որակ է հաղորդել երկու երկրների քաղաքների միջև կապերի սերտացմանը և նպաստել է երկկողմ համագործակցության զարգացմանը:


«Ֆրանսիայի քաղաքների հետ Երևանի համագործակցությունը որակապես և քանակապես շատ բազմազան է ու կարևոր է, որպեսզի մենք աշխատենք առավել արդյունավետ և շահավետ դարձնենք քաղաքների հետ համագործակցությունը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Երևանի քաղաքապետարանն այսօր արդեն իսկ ակտիվորեն համագործակցում է ֆրանսիական շատ քաղաքների հետ»,- ասել է Տարոն Մարգարյանը:


Կարևորելով 2013 թվականին Վալանս քաղաքում անցկացվելիք հայ–ֆրանսիական ապակենտրոնացված երկրորդ համաժողովը` քաղաքապետը առանձնացրել է համաժողովի շրջանակում համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի շեշտադրումը:


Ներկաների անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Լիոնի փոխքաղաքապետ, Մեծ Լիոնի միջազգային համերաշխության և ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Հյուբեր Ժուլիեն-Լաֆֆերիերը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի համագործակցության պատրաստակամությունը լավ խթան է փոխգործակցության ակտիվացման, ինպես նաև գործընկեր քաղաքների հետ հարաբերությունների զարգացման ու ընդլայնման համար:


Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր և ներկայացնել համապատասխան առաջարկությունների փաթեթ: