Սիրիայի իշխանություններն ու որոշ ընդդիմադիրներ համաձայն են հրադադար հաստատել. Բրահիմի

16:03 • 24.10.12

Սիրիայի կառավարությունն ու մի շարք ապստամբ առաջնորդներ համաձայնության են եկել առաջիկա Զոհաբերության տոնի ընթացքում հրադադար պահպանելու հարցում. նման հայտարարություն է արել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին Կահիրեում, ուր ժամանել է Դամասկոսից, հայտնում է Hurriyet-ը:

 

Կահիրեում Բրահիմին Արաբական երկրների լիգայի ղեկավար Նաբիլ ալ Արաբիին ասել է, որ Սիրիայի իշխանությունները համաձայնել են հրադադարին Զոհաբերության տոնի ընթացքում: Ապստամբ առաջնորդները, որոնց հետ կապ է հաստատվել, ասել են, որ կպահպանեն հրադադարը, սակայն չեն հստակեցրել՝ արդյոք դա վերաբերում է հիմնական ապստամբ խմբի՝ Սիրիայի ազատ բանակի հրամանատարներին:

 

Բրահիմին ընդգծել է, որ կառավարությունն իր որոշման մասին պաշտոնապես կհայտարարի հինգշաբթի:

ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը նկատել է նաև, որ այս «համեստ նախաձեռնության հաջողված լինելու դեպքում դրա վրա կարելի է առավել տևական զինադադար կառուցել»:

 

Սիրիայի ԱԳՆ-ն, սակայն, հայտնել է, որ Բրահիմիի առաջարկած հրադադարի շուրջ դեռ պետք է վերջնական որոշում կայացվի:

 

Աղբյուրը նշում է, որ հրադադարի նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել մեծ կորուստների ֆոնին. երեքշաբթի Սիրիայում 164 մարդ է սպանվել:


Համամուսուլմանական Զոհաբերության տոնը մեկնարկում է հոկտեմբերի 26-ին և տևելու է 4 օր: