Սիրիայի նախագահը համաձայն է հրադադարի. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը ռուսական իշխանություններին հասկացրել է, որ պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի նախաձեռնած հրադադարի առաջարկը, այսօր հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հաղորդում է BBC-ն:
Նրա խոսքով՝ հրադադարի մանրամասների մասին կհայտարարվի հոկտեմբերի 25-ին:
«Այդ հրադադարը կախված կլինի ներգրավված կողմերի բարի կամքից: Սակայն, ես կարծում եմ, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված կլինի Սիրիայի վրա, այդ պատճառով նա, ով կխախտի հրադադարը, համապատասխան գնահատական կստանա միջազգային հանրությունից»,- ասել է Չուրկինը:
Ավելի վաղ Լախդար Բրահիմին ասել էր, որ Սիրիայի իշխանությունները համաձայն են հրադադար պահպանել համաիսլամական նվիրման տոնի` Կուրբան բայրամի ժամանակ:










