Համբուրգում FEMEN-ի ակտիվիստուհիները գրոհել են IKEA-ի խանութը
FEMEN շարժման ակտիվիստուհիները գրոհել են Գերմանիայի Համբուրգ քաղաքում գտնվող հանրահայտ IKEA ընկերության խանութը։ Նրանք այդ քայլով իրենց բողոքն են հայտնել ընկերության «շովինիստական քաղաքականության» դեմ, որը Սաուդյան Արաբիայի համար նախատեսված տեղեկատուից ջնջել է կանանց բոլոր լուսանկարները, հայտնում է Life News-ը։
Շարժման ներկայացուցիչները վստահ են, որ այս քայլով ընկերությունն իր «շովինիստական» վերաբերմունքն է արտահայտել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների նկատմամբ։
«Մենք կանք։ Մեզ չե´ք ջնջի»,- նշվում է շարժման հայտարարության մեջ։ Նրանք կոչ են անում ուշադրություն դարձնել մուսուլմանական աշխարհում կնոջ խնդիրների վրա և հանուն արդարության բոյկոտել IKEA-ի արտադրանքը։
Կահույքի վաճառքով զբաղվող IKEA ընկերությունն արդեն ներողություն է խնդրել Սաուդյան Արաբիայի տեղեկատուից լուսանկարները հանելու համար։ Ընկերության ղեկավարությունը հավաստիացրել է, որ ապագայում կփորձի թույլ չտալ նման սխալներ։










