ԱՄՆ-ն Սիրիայի ապստամբներին շարժական ՀՕ համալիրներ չի մատակարարել. Պենտագոն
Պենտագոնի և ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչները այսօր հայտարարել են, որ ԱՄՆ-ն սիրիական ապստամբներին շարժական զենիթահրթիռային համալիրներ (ՇԶՀՀ) չի մատակարարել, հաղորդում է РИА Новости-ն:
«Ես չգիտեմ, թե ինչ հայտարարություն է: Հստակ ոչինչ չգիտեմ այն մասին, որ մենք նման հրթիռներ ենք մատակարարել այդ տարածաշրջան», - ասել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Լեոն Պանետան:
Այսօր ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ, հղում կատարելով ՌԴ ԶՈՒ գենշտաբի պետ Նիկոլայ Մակարովին, հաղորդում էին, որ Սիրիայի գրոհայիններն իրենց տրամադրության տակ ունեն օտարերկրյա, այդ թվում և ԱՄՆ արտադրության ՇԶՀՀ-ներ:
Իր հերթին, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ցանկանում է տեսնել նման հայտարարությունները հավաստող փաստեր:
«Մենք սիրիական ընդդիմությանը որևէ ռազմական արտադրանք չենք մատակարարում, որևէ «Սթինգերներ»: Եթե ՌԴ-ն տեղեկություններ ունի սիրիական ընդդիմադիրների ձեռքերում տվյալ զինատեսակների մասին, մենք կուզեինք դրանք ստանալ»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Հիշեցնենք, որ Նիկոլայ Մակարովը, մեկնաբանելով լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Օբամայի վարչակարգը հրաման է արձակել սիրիացի ընդդիմադիրներին փոխանցել ՇԶՀՀ-ների խմբաքանակ, ասել էր, թե ամերիկացիները հրաժարվում են դրանից և ասում, որ ոչինչ չեն փոխանցել նրանց Սիրիայի ընդդիմությանը։
«Սակայն մեր ունեցած փաստերն այլ բան են ասում։ Իսկ թե ով է զբաղվել այդ խմբաքանակի մատակարարմամբ, դեռևս պետք է պարզել»,- ասել էր ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը։










