Մայրը պնդում է, որ որդուն սխալ տեղն են դատել
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բերանները կարած հացադուլ անող 4 կալանավորներից Սերոբ Մխիթարյանը, որն ի նշան իրեն «սխալ դատելու» դեմ բողոքի կտրել է նաև իր ճկույթը, 20 տարեկան է, տարվա մայիսի 31–ին՝ Շուշիի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է վեց տարվա ազատազրկման:
Ո՛չ նախաքննության, ո՛չ դատաքննության ընթացքում նա չի ընդունել իր մեղքը և դատարանում հայտարարել է, որ իր վրա «շառ են անում», այս մասին Tert.am–ին հայտնեց Սերոբ Մխիթարյանի մայրը՝ Մարիետա Գոքորյանը:
Նրա խոսքով՝ գողության հեղինակը Անդրանիկ Գաբրիելյանն է, որի հայրը՝ Արմեն Գաբրիելյանն է դատարանի վրա ճնշում գործադրել:
«Անդրանիկի հայրը ուներ պաշտոն, մայոր էր: Ինձ նույնիսկ ասաց՝ «ես կհանեմ երկուսին էլ , դուք մի՛ մտածեք ու խնդրեց, որ եթե իր տղայի վրա գրվի գողությունը, իբր, իրեն կազատեն գործից: Անպայման ուզում էր, որ մաքուր դուրս գա, սակայն խաբեց ու ամեն ինչը բարդեց իմ էրեխու վրա»,- ասաց Մարիետա Գոքորյանը:
Նա նշեց, որ գործով տուժող ճանաչված, ԼՂՀ բնակիչ Նորիկ Մանուչարյանը, ում տանից կատարվել էր գողությունը, իրեն գրություն է տվել այն մասին, որ Սերոբին ինքը ո՛չ իր տանը, ո՛չ տանից հեռանալիս չի տեսել, սակայն տեսել է Անդրանիկին:
Մարիետան պնդում է, որ այս գրությունը կցված է եղել գործի նյութերին, սակայն դատարանը անտեսել է այն, ինչպես և մեկ այլ գրություն, որ տուժողը ոչ մի բողոք չի ունեցել, քանի որ նախաքննությունը վարող «ավագ քննիչ Ալավերդյանի ներկայությամբ Արմեն Գաբրիելյանից» (Անդրանիկի հորից ) ստացել իր տնից գողացված մոտ 1300 ԱՄՆ դոլարը:
Տիկին Մարիետային դեռ վերջնականապես չճշտված տեղեկություններ են հասել, որ Անդրանիկը, ինչ-որ մեկի համար էլ բանկում երաշխավոր «կանգնելով» վերցրել է այդ երկու միլիոն գումարն ու անհետացել:
Հավելենք, որ Սերոբ Մխիթարյանը զինծառայությունից ազատվել է այսպես կոչված 7–ի b կարգով. ունեցել է սրտի առաջնապատի հիպոկսիա և ինչպես մայրը նշեց «ներվային պսիխոտիկ ինչ-որ երևույթներ», որոնց հանրագումարի արդյունքում ռազմական բժիշկը գրել էր, որ տղան կանգնած է շիզոֆրենայի շեմին:










