ՌԴ Քննչական կոմիտեն 5 քրեական գործ է հարուցել 3 մլրդ արժողությամբ ռազմական գույք յուրացնելու փաստերի առթիվ

10:43 • 25.10.12

Ռուսաստանի Քննչական կոմիտեի (ՔԿ) գլխավոր ռազմական քննչական վարչությունը 5 քրեական գործ է հարուցել Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Օբորոնսերվիս» ԲԲԸ-ին պատկանող անշարժ գույքը, հողատարածքներն ու բաժնետոմսերը յուրացնելիս խաբեության փաստերի առթիվ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ ՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին։


«ՊՆ գույքային հարաբերությունների վարչության պաշտոնատար անձինք Կրասնոդարի մարզի Տեմրյուկի շրջանում դաշնային սեփականության կազմից ապօրինաբար հանել և գերատեսչության ենթակայության տակ գտնվող ձեռնարկությանն են վարձակալությամբ փոխանցել ավելի քան 3 հա հողատարածք, այնուհետև ՊՆ միջոցներով կառուցվել է ավելի քան 300 միլիոն արժողությամբ համալիր, իսկ հետագայում տարածքը վաճառվել ընդամենը 92 միլիոն ռուբլով»,- հաղորդել է ՔԿ ներկայացուցիչը։


Ըստ նրա՝ Պետական նախագծային ինստիտուտը Մոսկվայի կենտրոնում վաճառվել է 282 մլն ռուբլով՝ շուկայականից  ցածր գնով։


«Եվս 3 շենք Մոսկվայի կենտրոնում և դրանց տակ գտնվող հողատարածքներ վաճառվել են 700 մլն ռուբլով, ինչը նվազագույնը 200 մլն-ով պակաս է շուկայական արժեքից։ Իսկ բոլորին հայտնի «Սոյուզ» հյուրանոցը և դրա տակ գտնվող հողատարածքը վաճառվել է ընդամենը 600 մլն ռուբլով, ինչը  1.5 անգամ ցածր է շուկայական արժեքից»,- ավելացրել է նա։


Ըստ քննության տվյալների՝ նախնական վնասը կազմում է ավելի քան 3 մլրդ ռուբլի։ Քրեական գործերի շրջանակում անցկացվում են ստուգումներ, հարցաքննվում են պաշտոնատար անձինք։