Ինտերնետ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի գրեթե ողջ տարածքում
«ՎիվաՍել–ՄՏՍ»–ը, գնահատելով որակյալ աշխատուժի կարևորությունը, հերթական քայլով խրախուսում է որակյալ կրթություն ստանալու ուսանողների ցանկությունը և այդ նպատակով Հայաստանի ամերիկյան համալսարանի 2 մասնաշենքերը գրեթե ամբողջությամբ ապահովվել է ինտերնետ հասանելիությամբ:
Ըստ ընկերության մամուլի հաղորդագրության՝ «ՎիվաՍել-ՄՏՍ-ն» այս բուհին տրամադրել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 10 հատ 3G երթուղիչ, ինչպես նաև Wi-Fi ապահովող տարբեր հզորության սարքավորումներ: Հզոր գործիք համարվող համացանցից անկաշկանդ օգտվելու պրոֆեսորադասախոսական կազմի երբեմնի նպատակն այժմ արդեն իրականություն է:
«Կարևոր է ոչ միայն կրթվելու ցանկությունը, այլև` նյութի մատուցման ձևը: Ժամանակակից աշխարհը թելադրում է իր պահանջները և պարտավորեցնում լինել ճկուն` որակյալ կրթություն ստանալու հարցում: Մենք պատրաստ ենք խրախուսել հետազոտող ուսանողի կրթական պահանջները»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ-ի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ արտաքին շուկայում Հայաստանի անվիճելի մրցունակության համար, «ՎիվաՍել-ՄՏՍ-ը» կարևոր է համարում գիտակ կադրեր պատրաստելու բուհերի վճռականությունը:
Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը մեկնարկել է շուրջ 5 տարի առաջ: Ընկերության մասնագետների կողմից ուսանողների համար պարբերաբար կազմակերպվել են դասընթացներ, մասնագիտական պրակտիկա, տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելու փորձի փոխանակում:
Տարբեր ծրագրերի իրականացման այդ պատրաստակամությունը դրսևորվել է սերունդների նկատմամբ պատասխանատվության գիտակցությամբ:










