ԱՄՆ-ում ձերբակալվել է տղամարդը, ով հավակնում էր Facebook-ի բաժնետոմսերի 50%-ին
ԱՄՆ իշխանությունները խարդախության մեղադրանքով ձերբակալել են Պոլ Սելիային, ով հավակնություններ էր ներկայացրել Facebook սոցիալական ցանցի 50% բաժնետոմսերի նկատմամբ, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Forbes-ին:
Սելիան հայց էր ներկայացրել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերիգի դեմ 2010թ. հուլիսին` նրան մեղադրելով Facebook-ի բաժնեմասի անօրինական յուրացման և պայմանագրի չկատարման մեջ:
Որպես հայցի հիմնավորում նա ներկայացրել է պայմանագիր, որը իբրև կնքվել էր իր և 18-ամյա Ցուկերբերգի միջև 2003թ.:
Հայցվորը պնդում էր, որ այդ պայմանագրի համաձայն նա պետք է ստանա սոցցանցի 50%-ը, գումարած 1% յուրաքանչյուր օրվա դիմաց, որով կհետաձգվեր The Face Book (այդպես էր Facebook-ի նախնական անվանումը) կայքի թողարկումը նախատեսված ժամկետից` 2004թ. հունվարի 1-ից:
Եթե Սելիայի պայմանագրի իսկությունը հաստատվեր, ապա հայցվորը կարող էր հավակնել Facebook-ի 84%-ին: Սակայն դեռ 2004թ. նա չեղյալ էր համարել պայմանագրի երկրորդ կետը՝ թողնելով միայն 50%-ի պայմանը:
Facebook-ի դատապաշտպաններն իրենց հերթին դատարան փաստաթղթեր էին ներկայացրել, համաձայն որոնց պայմանագրի բնօրինակում, որ հայտնաբերվել էր Սելիայի փասթաթղթերի մեջ, Facebook բառը չի հիշատակվում, այլ խոսք է գնում միայն StreetFax նախագծի մասին, որի վրա աշխատելու մասին Ցուկերբերգը ի սկզբանե նշել էր:
Քննության ընթացքում պարզվել էր, որ Սելիայի կողմից դատարան ներկայացրած պայմանագիրը կեղծված էր:
Կեղծ էր նաև նրա ներկայացրած նամակագրությունը: Դա հաստատվել էր Հարվարդի փոստային սերվերի ուսումնասիրությամբ:
Facebook սոցիալական ցանցը հիմնադրվել է Մարկ Ցուկերբերգի կողմից 2004թ.: Ներկայում այն ավելի քան 1 միլիարդ օգտատեր ունի: Իսկ սոցցանցի միայն 2012թ. երրորդ եռամսյակի եկամուտը կազմել է 1.26 միլիարդ դոլար:










