«Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի փորձագիտական եզրակացությունը չեղյալ է համարվել

17:28 • 26.10.12

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել (չեղյալ է համարվել) Տավուշի մարզի Պաղջուր գետի վրա իրականացվող «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի փորձագիտական եզրակացությունը:


Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նախարարը ղեկավարվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 8-ի N 701-Ն որոշման պահաջներով, և հիմք է ընդունել ՀՀ բնապահպանության նախարարին 2012թ. հոկտեմբերի 24-ին ներկայացված առաջարկությունները:


Հրամանը սահմանված կարգով ուղարկվել է շահագրգիռ բոլոր կողմերին:


Հիշեցնենք, որ նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը պետք է տասնօրյա ժամկետում տեղազննություն իրականացներ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարական աշխատանքների իրականացման տարածքում, և ուսումնասիրեր փորձագիտական եզրակացությունը:


Աշխատանքային խումբը նախարարություն էր ներկայացրել ուսումնասիրության հիման վրա կազմված առաջարկությունները՝ նշելով, որ հարկ է վերանայել կամ չեղյալ համարել «Մեգաէներջի» ՍՊԸ-ին օգոստոսի 23-ին տրամադրած «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցման բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը, քանի որ, ըստ նրանց, շինարարական աշխատանքներն իրականացվել են նախագծային շեղումով: