Բռնցքամարտի ժամանակակից գոտու հայ հեղինակը կներկայացվի Նյու Ջերսիի Բռնցքամարտի փառքի սրահում

18:17 • 26.10.12

Բռնցքամարտի ժամանակակից գոտու հեղինակ Արտաշ Սահակյանը կներկայացվի Նյու Ջերսիի Բռնցքամարտի փառքի սրահում, հայտնում է Armenian Weekly-ն:


Աղբյուրը նշում է, որ նա գրեթե անհայտ է բռնցքամարտի աշխարհում և այդ մարզաձևի սիրահարների շրջանում: Սակայն նոյեմբերի 8-ին նա վերջապես կներկայացվի Փառքի սրահում՝ իրադարձություն, որն ակնկալվում էր 30 տարի:

 

Սահակյանը ծնվել է Ռումինիայում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի ընտանիքում: Ոսկերիչ է: Կնոջ՝ Նազելիի հետ աշխատել է նաև Բրազիլիայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

 

1975-ից սկսած՝ բռնցքամարտիկների գոտիները սկսում են իրենց վերջնական տեսքը ստանալ՝ գործընթաց, որն ավարտվում է 1980-ականների սկզբին: Այդ շրջանում իր ոսկերչական հմտություններով Սահակյանը հանդես է գալիս որպես այդ աքսեսուարի հեղինակ: WBC-ից բացի, բռնցքամարտի բոլոր կազմակերպությունները Սահակյանի ստեղծած գոտիներն էին օգտագործում:

 

Աղբյուրը նշում է, որ 1976-ից ի վեր աշխարհի բոլոր չեմպիոնները կրել են Սահակյանի դիզայնով գոտիները, այդ թվում՝ Մուհամեդ Ալին, Մայք Թայսոնը և Արթուր Աբրահամը:


Սահակյանի վաստակն այս ասպարեզում հայտնի է դարձել 4 տարի առաջ: Նրա այլ աշխատանքներ վաճառվել են Tiffany and Co հայտնի ոսկերչագործական ապրանքանիշին:

 

Սահակյանին Բռնցքամարտի փառքի սրահում ներկայացնելու առիթով իր ուրախությունն է արտահայտել կառույցի ղեկավար Ջո Կորտեսը: Նա ասել է, որ Սահակյանը դեռ տարիներ առաջ պետք է ներկայացված լիներ այդ միջազգային կառույցում և ավելացրել. «Ինձ համար նա մարդկանց չեմպիոնն է, չեմպիոնների չեմպիոնը»: