ԼՂՀ ՊԲ հրամանատարն ընդունել է հայաստանցի մոտ 3 տասնյակ լրագրողների

14:09 • 26.10.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում կատարված շրջայցից հետո հոկտեմբերի 25-ին ՀՀ-ից ժամանած շուրջ երեք տասնյակ լրագրողներ հանդիպել են ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ, ՊԲ մամուլի ծառայությունից: 


Հանդիպման ընթացքում Մովսես Հակոբյանը նախ լրագրողներին ներկայացրել է Արցախի զինված ուժերում իրականացվող գործընթացների համառոտ բովանդակությանը, իսկ այնուհետև պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:


Շուրջ մեկ ժամ տևած հարց ու պատասխանի ընթացքում շոշափվել են ինչպես բանակաշինության տարբեր ոլորտներին վերաբերող թեմաներ, այնպես էլ տարածաշրջանային ռազմաքաղաքական ընթացիկ զարգացումներին առնչվող խնդիրներ:


«Բավական ջերմ ու անկեղծ մթնոլորտում ծավալված ասուլիսի արդյունքում լրագրողները հնարավորություն են ունեցան զորամասի մշտական տեղակայման վայրում և առաջնային գծում ստացած իրենց տպավորություններն ամրապնդել ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից յուրաքանչյուր հարցի շուրջ տրված սպառիչ պատասխաններով»,– ասվում է հաղորդագրությունում: